Posted in Գրականություն 9, Իմ գրադարանը

Սյունե Սևադա «Կախվածություն»

This image has an empty alt attribute; its file name is i

Բովանդակություն

«Կախվածություն» գիրքը պատմվածքների ժողովածու է։
Սյունե Սևադայի «Կախվածություն» պատմվածքների ժողովածուն ներառում է գրողի՝ վերջին երեք տարվա աշխատանքները։ Պատմվածքի թեմաները չունեն ուղղվածություն, որոշները սոցիալական են, որոշները՝ ավելի զգայական, մի մասում մարդու ներսի պայքարն է՝ բռնության, սեփական ցանկությունները զսպելու, անհաշտ լինելու հետ, կամ էլ դրսի պայքարը․ որոշ պատմվածքներ հղում ունեն Արցախյան ազատամարտին։
Պատմվածքներում հիմնականում նկատվում է հավասարության, խաղաղության ու ազատության ձգտելու գիծը։
Գիրքը վերնագրած է «Կախվածություն», քանի որ կերպարները չեն փորձում փախչել խնդիրներից՝ չնայելով ներսի-դրսի հանգամանքներին, այլ կարծես բոլորն էլ մնում են՝ իրար կողքի, նույն երկրում, նույն իրավիճակում՝ անկախ բոլոր դժվարություններից՝ ընտրելով լուծումը՝ փախուստի փոխարեն։ Եվ գիրքն էլ կարծես թե ցանկանում է մարդկանց հուշել դադարեցնել փախուստը՝ առաջարկելով մնալ, ընդունել ու փոխել՝ կախվածությունը, գրքի ընդհանուր ենթատեքստում ներկայացնելով դրական լույսի տակ՝ կյանքից կախվածություն ունենալով։

Գրողի մասին

Սյունե Սևադան ծնվել է 1995 թվականի հունվարի 16-ին Ռուսաստանի Դաշնությունում՝ Ուդմուրտիայի Հանրապետության Սարապուլ քաղաքում։ Երեք տարեկանում տեղափոխվել է Հայաստան՝ Երևան։ 2001-2009 թվականներին սովորել է Պեո Յավորովի անվան 131 միջնակարգ դպրոցում, այնուհետև շարունակել կրթությունը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ 2012-2016 թվականներին սովորել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում։

Մեջբերումներ

  • Պատերազմը ստիպում է հաշվել այն, ինչ խաղաղության մեջ չես հաշվի։ Օրինակ՝ թութը։ Կամ ոտքերը։ Խաղաղությանը մեկ է՝ քանի ոտք է քայլում փողոցում։ Պատերազմը ստիպում է հաշվել, ու հաճախ զույգ թվի փոխարեն կենտ թիվ ես տեսնում։
  • Կյանքը դերասան է, մարդիկ՝ թատրոններ։ Ու ես չգիտեմ՝ ինչպես դառնալ քո թատրոնը՝ անգամ եթե հետս ուղղակի խաղալու ես։ Կամ ինչպես կյանքին համոզեմ, որ հետդ դերասանություն անի, համոզի-բերի։ Գրողը քեզ տանի։ Չէ՛, չտանի, բերի։ Գրողը քեզ բերի, քո բերրի գործունեությունից պոկի, թեկուզ՝ բռի, ու բերի։
  • Ամեն բան երկկողմանի է։ Պիտի զգաս, շնչես, շոշափես, սիրես, ցավես, կորցնես, ձգտես, հաղթես, տանջվես։ Անտարբերությունից ավելի վատ բան չկա, մարդիկ դա լավ են հասկացել։ Սա բոլոր դեպքերում է գործում, անգամ՝ էլեկտրատեխնիկայի։ Հենց որևէ իր սկսում ես քիչ օգտագործել ու չես հիշում իր մասին, փչանում է։
  • Փոխանցեք, որ կան մարդիկ, որոնք գրկելու յուրօրինակ ձեռագիր ունեն։ Իր գրչային ձեռագիրը չեմ տեսել, բայց գրկելու ձեռագիրը գիտեմ։ Ասացեք, որ այդ ձեռագրին փոխարինող ինչ-որ բան չեմ փնտրի։ Որովհետև չեմ գտնի։ Իսկ ես չեմ սիրում անիմաստ ժամանակ ծախսել։ Հետո էլ, այդ ձեռագիրը չափից դուրս հարազատ է՝ փոխարինող մի բան գտնելու համար։

Կարծիք

Գիրքը սովորեցնում է չփախչել խնդիրներից անկախ բոլոր դժվարություններից՝ փորձել գտնել լուծումը՝ փախուստի փոխարեն։ Գրքի ընդհանուր ենթատեքստում ներկայացվում է դրական լույսի տակ՝ կյանքից կախվածություն ունենալով։ Շատ գեեցիկ գիրք է, այս գիրքը կլուսավորի ձեր միտքը։

Advertisement
Posted in Գրականություն 9

Գրականության քննական տեքստերի վերլուծություններ

1․ Դմիտրի Լիխաչով «Նամակներ բարու և գեղեցիկի մասին»

2․ Դինո Բուցատի «Կորսված օրեր»

3․ Վիլյամ Սարոյան «Քո կյանքի ժամերը» /հատված/

4․ Հերման Հեսսե «Ծառերը»

5․ Գարսիա Մարկես «Ինչպես նորոգել աշխարհը»

6․ Օշո «Պայքար առանց կատաղության»

7․ Կաֆկա «Կամուրջը»

8․ Ռ․ Ագուտագավա «Գորտը»

9․ Ժակ Պրևեր «Ավելի վատ»

10․ Դինո Բուցատ «Ճագարներ լուսնի տակ»

11․ Դինո Բուցատի «Փոքրիկ դրախտ»

12․ Խորխե Բուկայ «Չեմ կարողացել․ չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա»

13․ Գիյոմ Ապոլիներ «Արբեք»

14․ Կաֆկա «Մեծ աղմուկ»

15․ Լուիս Ֆերնանդու Վերիսիմու «Քիթը»

16․ Խորխե Բուկայ «Սիրել Բաց աչքերով»

17․ Շառլ Բոդլեր «Օտարականը»

18․ Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ «Նամակ դստերը»

19․ Ռաբիդրանաթ Թագոր «Կուզեի լինել»

20․ Գիյոմ Ապոլիներ «Շունն ու սրվակը»

21․ Վիլյամ Սարոյան «Հյուսնի պատմությունը»

22․ Խորխե Բուկայ «Ցանկանում եմ»

23․ Անտուան դե Սենտ Էքզյուպերի «Փոքր քայլերի արվեստը»

25․ Սերգեյ Դովլաթով «Ես քմծիծաղով եմ նայում բարոյական ցանկացած ձևակերպման»

24․ Ջոնի Ուելշ «Նամակներ մահվանից առաջ»

26․Ջուբրան Խալիլ Ջուբրան «Աշխարհն ու բանաստեղծը»

27․ Խորխե Բուկայ «Երկնքի դարպասների մոտ»

Posted in Գրականություն 9

Սերգեյ Դովլաթով «Ես քմծիծաղով եմ նայում բարոյական ցանկացած ձևակերպման»

Անիմաստ է սեխի բուրմունքի մասին պատկերացում ներշնչել մարդուն, որը տարիներով ծամել է իր կոշիկի քուղերը: 

Ես քմծիծաղով եմ նայում բարոյական ցանկացած կտրական ձևակերպման: Մարդը բարի է… Մարդը սրիկա է… Մարդը մարդու բարեկամն է, ընկերը և եղբայրը․․․ Մարդը մարդու համար գայլ է… Եվ այլն․․․

Մարդը մարդու համար ամեն ինչ է, ամեն ինչ, ինչ կկամենաք: Կախված հանգամանքների խաչաձևումից: Մարդն ընդունակ է ամեն ինչի՝ և՛ լավի, և՛ վատի: Ես տխուր եմ, որ այդպես է: Թող Աստված մեզ ամրություն ու խիզախություն տա: Իսկ ավելի լավ կլինի՝ ժամանակ ու վայրեր, որոնք կհանգեցնեն բարուն․․․

«Գլխավորը գրքում և կնոջ մեջ ոչ թե ձևն է, այլ բովանդակությունը». անգամ հիմա՝ կյանքի անհամար հիասթափություններից հետո, այս մտահանգումը ինձ թվում է տաղտկալի: Եվ առաջվա պես ինձ դուր են գալիս գեղեցիկ կանայք: 

Իսկական խիզախությունն այն է, որ սիրես կյանքը՝ իմանալով նրա մասին ողջ ճշմարտությունը։ 

Քննադատում են ֆիլմը, նշանակում է՝ պետք է այն դիտել: Պարսավում են գիրքը, նշանակում է՝ արժե այն կարդալ: Ինչ-որ մեկին անհատապես վրա են տվել, նշանակում է՝ արժանավոր մարդ է…

Մենք անվերջ մեղադրում ենք ընկեր Ստալինին, մինչդեռ, այնուամենայնիվ, կուզենայի հարցնել՝ իսկ ովքե՞ր են գրել այն չորս միլիոն մատնագրերը:

Ընտրություն կատարելով սրիկայի ու հիմարի միջև՝ անկախ քեզնից մտատանջվում ես։ Մտածում ես, մտածում ու նախընտրում սրիկային։ Սրիկայի արարքներում ինքնօրինակ հիմնավորում կա։ Կա շահախնդիր ու այլանդակ տրամաբանություն։ Առկա է ողջամտություն։ Նրա գործողությունները կանխատեսելի են։ Հասկանում ես, որ իր դեմ հնարավոր է ու հարկավոր է պայքարել։ Հիմարի դեպքում լրիվ այլ է։ Նրա քայլերն անկանխատեսելի են, խառնիխուռն, անտրամաբանական։ Հիմարները բնակվում են մշուշոտ, խրթին քաոսում։ Ենթակա չեն տիեզերական ձգողականության օրենքներին։ Ունեն սեփական կենսաբանությունը, սեփական հանրահաշիվը։ Ու ամեն ինչը նրանց տրվում է չնչին գնով։ Նրանք անմահ են։

Վերլուծություն

Ըստ իս պատմվածքը կարծրատիպերի, մարդկային հարաբերությունների, տաբեր աշխարհայացքների և ընկալումների մասին է։ Հեղինակը մարդկանց տարբեր որակավորումներին քմծիծաղով է նայում․ ես ինքս քմծիծաղով եմ նայում, երբ մարդուն անվանարկում, կամ վատ տպավորություններ են արտահայտում, որովհետև մարդիկ այն չեն, ինչ ներկաանում են հանրությանը և այս աշխաարհում ոչ ոք չի կարող դիմացինին լիովին հասկանալ։
Միգուցե դու հանդիպել ես մեկին, ով այդ օրը հոգնած էր և շատ էր լռում, քո մոտ ստեղծվել էր տպավորություն, որ նա շատ համես, չափավոր մարդ է։ Նույն մարդը կարող էր հանդիպել քո ընկերոջը այնպիսի օր, որ ունենար անսպառ էներգիա և անընդհատ խոսեր, մասնակցեր ամեն տեսակ խոսակցություններին։ Երբ դու և քո ընկերը հանդիպեք և կիսվեք ձեր տպավորություններով միմյանց հետ, ապա կհասկանաք, որ երկուսիդ տպավորությունները կհակասեն միմյանց։
Այսպիսով անում եմ եզրակացություն, որ ոչ ոք չի կարող որևէ մեկին լիարժեք ճանաչել, և դրանից էլ ելնելով ասում եմ, որ ոչ ոք իրավունք չունի արտահայտել իր կարծիքը, հատկապես եթե այն բացասական է։

Posted in Գրականություն 9

Ջուբրան Խալիլ Ջուբրան «Աշխարհն ու բանաստեղծը»

Օձն ասաց կարմրակատարին.
– Ի՜նչ կա ավելի գեղեցիկ, քան քո թռիչքը, ո՜վ կարմրակատար, սակայն ինչ լավ կլիներ, եթե դու կարողանայիր սողոսկել թռչնաբներն ու հողի մեջ թաղված որջերը, ուր կյանքի ճնշումը խտանում է լռության ու անդորրի մեջ:
– Աստված է վկա, որ դու խորաթափանց իմացության շտեմարան ես և ամենաիմաստունը բոլոր արարածներից, սակայն ինչ լավ կլիներ, եթե դու թռչեիր,- պատասխանեց կարմրակատարը:
Ձևացնելով, թե ոչինչ չի լսել` օձը շարունակեց.
– Խեղճ կարմրակատար, ինձ նման դու չես կարող տեսնել խորությունների գաղտնիքները, ոչ էլ կարող ես սողոսկել թաքնված թագավորությունների ամբարները: Ինչ վերաբերում է ինձ, ապա քեզնից չեմ թաքցնի. երեկ թաքնվել էի սուտակե անձավներից մեկում, որը նմանեցրի հասուն նռան բոսորագույն սրտին, որին լույսի ամենանվազ շողն անգամ վերածում էր հրե վարդի: Այս աշխարհում ո՞վ կարող է ինձ նման հավասար տեսնել այս հրաշքները:
-Ճշմարիտ դատեցիր, ով իմաստուն, իսկապես քեզանից բացի որևէ մեկը չի կարող քնել դարերի հետքերի ու դարաշրջանների հիշողությունների բյուրեղներին, սակայն, ցավում եմ, դու չես երգում,- պատասխանեց կարմրակատարը:
– Ես մի բույս գիտեմ, որի արմատները ձգվում են մինչև երկրի ընդերքը, և յուրաքանչյուր-ոք, ով ուտում է այդ արմատներից, դառնում է Աշթրութից առավել գեղեցիկ:
-Ոչ-ոք, ոչ-ոք, քեզանից բացի չի կարող կախարդական երկրի մտքի դիմակը հանել, սակայն, ցավում եմ, դու չես թռչում:
– Գիտեմ ծիրանագույն մի առվակ, որն անցնում է հզոր լեռան տակով, ու յուրաքնաչյուր-ոք, ով խմում է այդ առվակից, դառնում է հավերժ` աստվածային անմահությամբ: Ոչ-ոք, ոչ մի թռչուն կամ կենդանի, ինձնից բացի այդ առվակը չի գտնի:
– Աստված վկա, որ աստվածների նման անմահ կլինես, եթե կամենաս, սակայն, ցավում եմ դու չես երգում:
– Գիտեմ երկրակեղևի տակ թաղված մի տաճար, որի ճանապարհը չի գտնի որևէ հնագետ կամ հետազոտող, ամսվա մեջ բազում անգամ եմ այցելում այնտեղ. այն անցած ժամանակների հսկա շենքերից է, որի պատերին նկարված են բոլոր ժամանակների ու գոյերի գաղտնիքները, ու յուրաքանչյուր-ոք, ով կարդա ու հասկանա, ապա կհասնի աստվածությանն իր մտքով ու իմացությամբ:
– Ով սիրելի իմաստուն, դու, միայն դու, եթե կամենաս, մարմնիդ նրբությամբ կարող ես սողոսկել բոլոր սերունդների գիտությունների մեջ, սակայն, ցավում եմ, դու չես կարող թռչել:
Այդժամ, վրդովված իրենց զրույցից, օձն իր բույնը վերադարձավ` ինքն իրեն քրթմնջալով.
– Աստված ազատի դատարկագլուխ դայլայլողից:
Իսկ կարմրակատարը թռավ` բարձրաձայն ճռվողելով.
– Ցավում եմ, որ դու չես երգում, ցավում եմ, ցավում եմ իմ իմաստուն, որ դու չես թռչում:

Վերլուծություն

Ըստ իս պատմվածքը նախանձի և գնահատելու մասին է։ Այստեղ օձը միգուցե նախանձում էր կարմրակատարին՝ նրա թռչելու, երգելու կարողությունների համար, սակայն, քանի որ կարմրահավը չէր նախանձում օձին՝ իր սողալու կարողության համար, այդ պատճառով օձը փորձում էր չափազանցրած ներկայացնել, թե ինչ հրաշալի է սողալը։ Սակայն կարմրահավը չէր խաբնվում օձի խոսքերին, որովհետև նա ուրախ էր այն ամենի համար, ինչը շնորհված էր իրեն, նա գնահատում էր իր կարողությունները և չէր նախանձում ուրիշներին։

Posted in Գրականություն 9

Խորխե Բուկայ «Երկնքի դարպասների մոտ»

Երկնքի դարպասների մոտ մի անգամ հավքվեցին մի քանի հարյուր հոգի, տղամարդ և կին, ովքեր այդ օրն էին մահացել: Սուրբ Պետրոսը, դրախտի դարպասների ապագա պահապանը, կարգավորում էր շարժումը:
— «Շեֆի» հանձնարարականով, բոլորդ կբաժանվեք երեք խմբի՝ կախված տասը պատվիրանները պահելուց: Առաջին խմբում կլինեն նրանք, ովքեր խախտել են բոլոր տասը պատվիրաններից յուրաքնչյուրը՝ գոնե մեկ անգամ: Երկրորդ խմբում նրանք, ովքեր գոնե մեկ անգամ խախտել են տասը պատվիրաններից որևէ մեկը: Երրորդ խումբը, որը մեր կարծիքով ամենամեծաքանակը կլինի, կկազմեն նրանք, ովքեր իրենց կյանքի ընթացքում երբևէ որևէ պատվիրան չեն խախտել: Այսպես,- շարունակեց սուրբ Պետրոսը,- բոլոր տասը պատվիրանները խախտողները թող աջ կողմում կանգնեն:
Հոգիների կեսից ավելին հայտնվեցին աջ կողմում:
— Հիմա,-բացականչեց նա,- մնացածներից նրանք, ովքեր գոնե մեկ պատվիրան խախտել են, թող ձախ կողմում կանգնեն:
Մնացած բոլորը անցան ձախ կողմը: Համարյա բոլորը… Իրականում բոլորը, բացի մեկից: Ինչ-որ մի լավ մարդու հոգի կենտրոնում միայնակ կանգնած մնաց: Իր ամբողջ կյանքի ընթացքում նա գնացել էր բարի ցանկությունների, բարի մտքերի և գործերի ճանապարհով: Սուրբ Պետրոսը զարմացավ: Միայն մի հոգի մնաց լավագույնների խմբում: Նա անմիջապես Աստծուն կանչեց, որպեսզի տեղյակ պահի պատահածի մասին:
— Տես, թե ինչ է ստացվում: Եթե շարժվենք նախնական ծրագրին համապատասխան, ապա իր բարեպաշտության դիմաց հատուցում ստանալու փոխարեն, այս խեղճը պետք է տանջվի մենակությունից: Կարծում եմ՝ ինչ-որ բան պետք է ձեռնարկել:
Աստված կանգնեց մեղավորների խմբի առաջ և ասաց.
— Նրանք, ովքեր հիմա կապաշխարեն, կներվեն, և նրանց մեղքերը կմոռացվեն: Ապաշխարողները կարող են միանալ կենտրոնում գտնվող մաքուրներին և անարատներին: Կամաց կամաց բոլորը սկսեցին տեղշարժվել կենտրոն:
— Կանգնեք: Անօրինականություն է: Դավաճանություն է: — Ճչոց լսվեց:
Սրբի ձայնն էր:
— Այդպես չի լինի: Եթե ինձ նախօրոք զգուշացնեիք, որ մեղքերը ներվելու են, կյանքս դատարկ տեղը չէի ծախսի…

Վերլուծություն

Պատմվածքը շատ բան է բացահայտում մարդու տեսակի և մտածելակերպի մասին։ Պատմվածքում միայնակ մնացած սուրբին իր այդքան լավ արարքներից հետո չցանկանալով միայնակ թողնել, պատվիրանները խախտածներին թույլ են տալիս լինել նրա հետ, այդ պահին սուրբ մարդը ասաց, որ եթե մեղքերը ներելու են, նա կարող էր իր կյանքը դատարկ տեղը չծախսել: Այդ պահին բացահայտվում է, որ այդ մարդը ճիշտ կյանքով է ապրեմ միայն նրա համար, որ գնա Դրախտ ու պատժի չարժանանա, այլ ոչ Աստծուն հարգելու և պատվելու համար: Նա կարծում էր, որ իր կյանքը դատարկ տեղն է ծախսել: Դա նշակում է, որ նա չի գիտակցել ճիշտ ապրելու կարևորությունը: Դա ավելի վատ է, քան մեղք գոծողելը:
Ըստ իս չկա այնպիսի մարդը, ով մեղք չի գործել: Բայց մեղք գործել-չգործեն այնքան կարևոր չէ, որքան գիտակցումը և մեղքի համար ապաշխարությունը:

Posted in Գրականություն 9

Ջոնի Ուելշ «Նամակներ մահվանից առաջ»

Եթե Աստած գեթ մի պահ մոռանար, որ ես միայն կտորե խամաճիկ եմ և ինձ կյանքի մի պատառիկ նվիրեր, այդժամ ես երևի թե չէի ասի այն ամենն, ինչ մտածում եմ, բայց հաստատ կմտածեի այն ամենն, ինչ ասում եմ: Ես իրերը կգնահատեի ոչ թե ելնելով նրանց գնից, այլ նշանակությունից: Ես ավելի քիչ կքնեի, ավելի շատ կերազեի` հասկանալով, որ ամեն րոպե, երբ մենք փակում ենք աչքերը, կորցնում ենք լույսի վաթսուն վայրկյան: Ես կքայլեի, քանի դեռ մյուսները կանգնած են, չէի քնի, քանի մյուսները քնած են: Ես կլսեի, երբ մյուսները խոսում են և կվայելեի շոկոլադե պաղպաղակի հիանալի համը:

Եթե Աստված ինձ կյանքի մի պահ էլ պարգևեր, ես ավելի համեստ կհագնվեի, կպառկեի արևի շողերի տակ և նրա ջերմությանը ի ցույց կդնեի ոչ միայն մարմինս, այլև` հոգիս: Տեր Աստված, եթե ես սիրտ ունենայի, ես կգրեի իմ ամբողջ ատելությունը սառույցի վրա և կսպասեի մինչև դուրս գա արևը: Ես կնկարեի Վան Գոգի երազով Բենեդետտիի պոեմի աստղերի վրա և Սերրատի երգը սերենադի պես կնվիրեի լուսնին: Ես արցունքներով կջրեի վարդերը, որպեսզի զգամ նրանց փշերի ծակոցների ցավը և թերթիկների համբույրը:

Տեր Աստված, եթե ես կյանքի ևս մի պատառիկ ունենայի, ոչ մի օր չէի անցկացնի` առանց ասելու իմ սիրած մարդկանց, որ ես նրանց սիրում եմ: Ես կհամոզեի ինձ թանկ յուրաքանչյուր մարդուն իմ սիրո մեջ և կապրեի` սիրահարված…սիրուն: Ես կբացատրեի բոլորին, ովքեր մոլորության մեջ մտածում են, թե դադարում են սիրահարվել ծերանալուն զուգընթաց, որ ծերանում են այն ժամանակ, երբ դադարում են սիրահարվել:

Երեխային ես թևեր կնվիրեի, բայց կթողնեի, որ ինքնուրույն սովորի թռչել:
Ծերերին ես կհամոզեի, որ մահը ծերության հետ չի գալիս, այլ մոռացության:
Ես ձեզանից այնքան բան եմ սովորել, մարդիկ, ես հասկացել եմ, որ ամբողջ աշխարհը ուզում է ապրել սարերում, չհասկանալով, որ իրական երջանկությունը սարը բարձրանալու մեջ է:

Ես հասկացել եմ, որ այն պահից, երբ նորածինը իր փոքրիկ բռունցքում սեղմում է հոր մատը, այլևս երբեք այն բաց չի թողնի: Ես հասկացել եմ, որ մեկը մյուսին բարձրից նայելու իրավունք ունի միայն այն ժամանակ, երբ օգնում է նրան բարձրանալ:

Այնքան բան կա, որ ես դեռ կարող էի ձեզնից սովորել, մարդիկ, սակայն սովորածս ինձ դժվար թե պետք գա, որովհետև երբ ինձ դնեն այդ ճամպրուկի մեջ, ես, ցավոք սրտի, արդեն մահացած կլինեմ:

Միշտ ասա այն, ինչ զգում ես և արա այն, ինչ մտածում ես:

Եթե ես իմանայի, որ ես այսօր քեզ վերջին անգամ եմ տեսնում քնած, ես քեզ պինդ կգրկեի և կաղոթեի Աստծուն, որ ինձ քո պահապան հրեշտակը դարձնի:

Եթե ես իմանայի, որ այսօր վերջին անգամ եմ տեսնում, թե ինչպես ես դուրս գալիս դռնից, ես քեզ կգրկեի, կհամբուրեի և նորից կկանչեի, որպեսզի ավելին տամ: Եթե ես իմանայի, որ քո ձայնը վերջին անգամ եմ լսում, կձայնագրեի ամենն, ինչ ասում ես, որպեսզի էլի ու էլի լսեմ, անվերջ: Եթե ես իմանայի, որ սրանք վերջին րոպեներն են, որ ես քեզ տեսնում եմ, ես կասեի. «Սիրում եմ քեզ» ու հիմարի պես չէի մտածի, որ դու դա գիտեիր:

Միշտ կա վաղը և կյանքը մեզ ամեն ինչ ուղղելու ևս մեկ հնարավորություն է տալիս, սակայն եթե ես սխալվում եմ և այսօրը այն ամենն է, ինչ մեզ մնացել է, ապա ես կուզեի քեզ ասել, թե ինչքան ուժեղ եմ քեզ սիրում ու որ երբեք չեմ մոռանա քեզ: Ոչ պատանին, ոչ ծերը չեն կարող վստահ լինել, որ իրենց համար վաղը կգա:

Այսօրը կարող է լինել վերջին օրը, որ դու տեսնում ես սիրելիներիդ: Այնպես որ մի սպասիր ինչ-որ բանի, այսօր արա այն, ինչ մտածել ես, որովհետև եթե վաղը երբեք չգա, դու կափսոսաս այն օրվա համար, երբ ժամանակ չգտար մեկ ժպիտի, մեկ անգամ գրկելու, մեկ համբույրի համար, երբ դու չափազանց զբաղված էիր` վերջին ցանկությունը իրականացնելու համար: Ոգևորիր հարազատներիդ, շշնջա նրանց ականջին, թե ինչքան պետք են նրանք քեզ, սիրիր նրանց և գուրգուրանքով վարվիր, ժամանակ գտիր, որ ասես «կներես», «խնդրեմ», «շնորհակալություն» և սիրո այն բոլոր բառերը, որ գիտես: 

Ոչ ոք քեզ չի հիշելու մտքերիդ համար: Աստծուց իմաստնություն և ուժ խնդրիր, որ ասես այն, ինչ զգում ես: Ցույց տուր ընկերներիդ, թե ինչ կարևոր են նրանք քեզ համար:

Եթե դու չասես այդ ամենը այսօր, վաղը կլինի նույնը, ինչ երեկ: Եվ եթե դու չանես դա երբեք, ոչինչ նշանակություն չի ունենա: Իրականացրու երազանքներդ: Այդ պահը եկել է:

Վերլուծություն

Սա կարծես գրողի մենախոսությունն էր, որի միջոցով նա ցանկանում էր ընթերցողին ներկայացնել իր կատարած սխալները, որոնք ժամանակին չէր հասկացել, սակայն արդեն հնարավորություն չուներ այդ ամենը հետ բերելու:
Մեզնից շատերը ժամանակը վատնում են անիմաստ, և չեն գնահատում ներկան, իսկ հետո, երբ ցանկանում են այդ ամենը հետ բերել, հասկանում են, որ էլ ժամանակ չկա: Միակ բանը, որ մեզ հարկավոր է, դա ժամանակն է, որքան շատ, այնքան լավ:
Որպիսի միայն մահվան ժամին չհիշենք, կարևոր ենք այդ ամենը, պետք է մեր ապրած ամեն վայրկյանը կարևորենք, ժամանակը գնահատենք, ու ամեն օր մեր սիրելիներին ասենք, թե որքան շատ ենք նրանց սիրում:

Posted in Գրականություն 9

Անտուան դե Սենտ Էքզյուպերի «Փոքր քայլերի արվեստը»

Աստված իմ,
ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար: Սովերեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստին: Դարձրու ինձ հետևողական և պատրաստակամ, որպեսզի օրվա միապաղաղության մեջ ճիշտ ժամանակին կանգնեմ բացահայտումների և փորձի առջև, որոնք ինձ կհուզեն:
Սովորեցրու ինձ ճշգրիտ տնօրինել իմ կյանքի ժամանակը: Նվիրիր ինձ ներքին ձայն, որպեսզի առանձնացնեմ այն, ինչ պետք է անել առաջին և ապա երկրորդ հերթին:
Խնդրում եմ քեզանից չափավորություն և զսպվածություն, որպեսզի իմ կյանքի ընթացքում չթռչեմ և չսողամ, այլ կարողանամ ծրագրել իմ օրը` օրվա ընթացքում, կարողանամ տեսնել բարձունքներն ու հեռուները:
Օգնիր ինձ հասկանալ, որ երազանքները չեն կարող օգնել. ո՛չ անցյալի, և ո՛չ էլ ապագայի մասին երազանքները: Օգնիր ինձ լինել այստեղ և հիմա, ընդունել այս րոպեն որպես ամենակարևորն ու գլխավորը:
Պահպանիր ինձ այն միամիտ հավատից, որ այս կյանքում ամեն ինչ պետք է հարթ լինի: Տուր ինձ հստակ գիտակցություն, որ դժվարությունները, ձախողումները, պարտությունները և անհաջողությունները միայն կյանքի բնական բաղադրիչ մասն են, որոնց շնորհիվ մենք աճում ենք ու հասունանում:
Հիշեցրու ինձ, որ հաճախ սիրտը վիճում է բանականության հետ:
Անհրաժեշտ պահին ուղարկիր ինչ-որ մեկին ինձ մոտ, ով քաջություն կունենա ասել ինձ ճշմարտությունը, բայց ասել այն սիրելով:
Ես գիտեմ, որ շատ խնդիրներ որոշվում են, երբ ոչինչ չես ձեռնարկում: Այդ դեպքում տուր ինձ համբերություն: Դու գիտես, թե մենք ինչքան շատ ենք զգում ընկերության կարիք: Թույլ տուր արժանի լինել ճակատագրի ամենահրաշալի և քնքուշ այդ նվերին: Դարձրու ինձ մարդ` ունակ թակելու այն դռները, որոնք ամենաներքևում են: Պահպանիր ինձ այն վախից, որ ես կարող եմ ինչ-որ բան բաց թողնել իմ կյանքում:
Տուր ինձ ոչ թե այն, ինչ ես խնդրում եմ ինձ համար, այլ այն, ինչն իսկապես անհրաժեշտ է ինձ: Եվ խնդրում եմ նորից` սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը:

Վերլուծություն

Էքզյուպերին առանձնանում է իր յուրօրինակ գրելաոճով և գրողին փոխանցած իր կարևոր մտքով, գաղափարով: Սա մի ուղերձ էր, կարևոր նամակ, որ պետք է գնահատենք, արժևորենք այն, ինչ ունենք: Նաև շատ մարդիկ Աստծուն հավատալով, ակնկալում են նրանից հեշտ կյանք, ուրախ, առանց դժվարությունների և ձախողումներին: Եվ չեն էլ հասկանում, որ մեր էության համար շատ կարևոր են այդ դժվարությունները, այդ ձախողումներն ու պարտությունները, քանի որ դրանք են մեզ լիարժեք, հասուն, փորձառու մարդ դարձնում:
Միշտ չէ, որ հեշտի, պարզի, հասարակի հետևից վազելը մեզ միայն օգուտ է տալիս․․․

Posted in Գրականություն 9

Ռաբիդրանաթ Թագոր «Կուզեի լինել»

Երբ առավոտյան ժամը ութը խփում է, և ես մեր նեղ փողոցով ճամփա եմ ընկնում դեպի դպրոց, ամեն օր դեմս ելնում է մանրավաճառը. «Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»,- կանչում է նա: Եվ ստիպված չէ բնավ շտապելու, ստիպված չէ անպատճառ այս կամ այն փողոցում լինելու, ստիպված չէ այսինչ տեղը գնալու և մանավանդ այսինչ ժամին անպայման տուն վերադառնալու:

Կուզեի ես էլ մանրավաճառ լինել, թափառել ամբողջ օրը ճամփաների վրա ու կանչել. «Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»:

Երբ իրիկունները վերադառնում եմ դպրոցից, միշտ հանդիպում եմ պարտիզպանին, որ իր ցանկապատի ետևում հող է մշակում: Բահը ձեռքին` անում է այն, ինչ որ սիրտն ուզում է` փոշոտում է հագուստները: Եվ ոչ մեկից նկատողություն չի ստանում, երբ արևի տակ վառվում է կամ թրջվում է անձրևից:

Կուզեի ես էլ պարտիզպան լինել, մշակել իմ պարտեզը, և ոչ մեկը իմ փորելը չարգելեր:

Երբ մութն ընկնում է, ու մայրիկս ինձ ուղարկում է անկողին, իմ բաց պատուհանից տեսնում եմ հաճախ մեր փողոցի պահապանին, որն իջնում և բարձրանում է հաստ փայտը ձեռքին:

Փողոցը մութն է ու լռիկ. և հեռվում` ցցի վրա տնկած լապտերը կարծես մի հրեշ լինի` մեկ հատիկ կարմիր աչքով:

Իսկ պահապանի ձեռքին երերում է լապտերը, որը քարշ է տալիս իր երկար ստվերի հետ ու բնավ անկողին չի մտնում:

Կուզեի ես էլ պահապան լինել, ամբողջ գիշերը քայլել փողոցներով և լապտերովս ստվերները փախցնել:

Վերլուծություն

Պատմվածքի հերոսը պարզապես ցանկանում էր լինել ազատ, անել այն, ինչ իր սիրտն այդ պահին կցանկանար, և ոչ ոք դրա համար նրան չպատժեր, չկշտամբեր կամ չբարկանար: Ըստ իս պատմվածքի հերոսը երեխա էր, ով տենչում էր ազատության։ Սակայն մանուկ հասակում երեխաները իրենց ազատությունը պատկերացնում են դպրոց, պարապմունքների չհաճախելը և երբ տեսնում են օրինակ պահակին, ով չի քնում և փողոցն է հսկում, նախանձում են, սակայն եթե նրանք լինեին պահակի փոխարեն, կցանկանային գիշերը քնել, իսկ ցերեկը սովորել, կրթվել և աշխատել ապագայում լավ և պիտանի մարդ դառնալու համար, ոչ թե ամբողջ ցերեկ քնեն, որպիսի գիշերը կարողանան գումարի համար արթուն մնալ և հսկել մյուսների քունը։

Posted in Գրականություն 9

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ «Նամակ դստերը»

Սիրելի ճուտիկ. շատ լավ է, որ դու քեզ լիովին երջանիկ ես զգում, բայց դու գիտես նաև , որ ես առանձնապես չեմ հավատում երջանկությանը: Դժբախտությանը՝ նույնպես: Թե մեկը, թե մյուսը լինում են ներկայացումներում, կինոներում և գրքերում, իսկ կյանքում իրականում դա գոյություն չունի:
Ես հավատում եմ այն բանին, որ ապրում ես այնպես, որքան դրան արժանի ես (քո տաղանդով ու մարդկային հատկություններով), իսկ երբ չես անում այն, ինչ պետք է, ապա դրա համար հատուցում ես կրկնակի…
Եվ այսպես, ահա քո խենթ հոր խորհուրդները: Ինչի պետք է հասնել. աշխատիր համարձակ լինել, ողջախոհ, կարողացիր լավ աշխատել և ձիու թամբին ամուր մնալ: Եվ այսպես շարունակ:

Ինչ պետք է չանել. մի ձգտիր դուր գալ ամենքին: Անցյալի մասին մի մտածիր, ապագայի մասին՝ նույնպես: Եվ այն մասին, թե ինչ կպատահի քեզ, երբ հասունանաս: Եվ այն մասին, թե ինչ-որ մեկը քեզ ինչպես կբնորոշի: Հաջողությունների և անհաջողությունների մասին՝ նույնպես, եթե դրանք քո մեղքով չեն կատարվում: Ծնողներիդ մասին մի մտածիր, տղաների, քո հիասթափութունների մասին՝ ևս:
Ինչի մասին պետք է մտածել. Կյանքում ի՞նչ ձգտումներ ունեմ, ուրիշներից լավն եմ, թե՞ վատը` ա) ուսման մեջ, բ) մարդկանց հասկանալու և նրանց հետ հաղորդակցվելու հարցերում, գ) սեփական մարմինը տիրապետելու ընդունակության մեջ:
Սիրում եմ քեզ՝ Հայրիկ:

Վերլուծություն

Պատմվածքը հավանեցի, բայց կային հատվածներ, որտեղ համակարծիք չէի գրողի հետ: Չեմ կարծում, որ դժբախտություններ և երջանկություններ չկան, դրանք մեզ ողջ կյանքի ընթացքում ուղեկցող զգացումներն ու ապրումներն են: Այն ամենը, ինչին ձգտում ես, սակայն քեզ այդպես էլ չի հաջողվում հասնել դրան, ապա այն միանշանակ կարող է քեզ համար լինել դժբախտություն: Պետք է ամեն բանի դիմանալ սովորել, որովհետև առջևում երջանկությունն է:
Նաև համաձայն չեմ այն կարծիքի հետ, որ անցյալի մասին մտածել պետք չէ, ինչպես նաև ապագայի: Պետք է մտածել անցյալի մասին, մեր գործած սխալների մասին, հասկանալ, խորհել, իմաստավորել շատ բաներ, որոնք անցյալում չես նկատել ու չես գնահատել, որպեսզի դրանք ներկայում այլևս չգործես: Պետք է մտածել անցյալի մասին, բայց և չպետք է անցյալով ապրել, որովհետև կկորցնես ներկան ու ապագան:
Ապագայի մասին նույնպես մտածել է պետք: Վերջիվերջո մենք ներկայում  անընդհատ սովորում, աշխատում, ինքնակրթվում ենք հենց ապագայի համար։ Միանշանակ պետք է մտածել ապագայի մասին, որովհետև առանց դրա մեր ներկան կդառնա անիմաստ: Բայց և ապագով ու երջանիկ կյանքի մասին միայն մտածել էլ պետք չէ, պետք է գործել ներկայում, ու չմոռանալ, որ անընդհատ աշխատելու, սովորելու հետ զուգահեռ պետք է ներկան վայելել, որովհետև անցած մեկ վայրկյանն անգամ հետ բերել չես կարող․․․