Ես Քնարիկ Հակոբյանն եմ, 13 տարեկան: Շուտով կլրանա իմ 14 ամյակը: Արդեն 7 տարի է, ինչ սովորում եմ Թաիրովի միջնակարգ դպրոցում: Այս տարի ծնողներիս և իմ որոշմամբ որոշեցինք փոխել դպրոցս: Սկզբնական շրջանում չէի կողմնորոշվում, թե որ դպրոցը կարելի է ընտրել Երևանի 100-ից ավելի դպրոցներից: Հետո հետաքրքրվեցի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրով: Տեղեկացա, որ այն որոշ չափով տարբերվում է մնացած մասնավոր և պետական դպրոցներից, թե՛ կրթության ոլորտով, թե՛ էքսկուրսիաների, թե՛ սպորտային պարապունքների: Սկզբում հաճախեցի նախապատրաստական ճամբար: Առաջին օրը շատ լարված էի, բայց մանկավարժների և երեխաների ջերմ ընդունելությունը նպաստեց իմ ջերմ շփմանը բոլորի հետ: Եվ այդպես, երկու օր ես մեծ ոգևորությամբ հաճախում էի կրթահամալիր: Այնուհետև մենք երեք օրով գնացինք Սևանա լիճ:
Դա նպաստեց, մեր բոլորի շփման ամրապնդմանը: Մենք միասին խաղում էինք, լողում, զրուցում և նաև սար բարձրանում: Այդ ամենը տևեց ընդամենը երեք օր, բայց կարծես, թե մեկ ամսից ավել այնտեղ էինք եղել:
Երբ Սևանից վերադառնում էինք տխուր էի, որ այդ գեղեցիկ օրերն ավարտվեցին, սակայն գիտեի, որ այդպիսի ուղևորություններ դեռ շատ կունենամ ինձ արդեն հարազատ դարձած ընկերների և ուսուցիչների հետ: Շատ ուրախ եմ, որ Հայաստանում գոյություն ունի նմանատիպ դպրոց: Եվ այս օրերի համար մեծապես շնորհակալություն եմ ուզում հայտնել իմ շա՜տ սիրելի ընկեր Գոհարին և ընկեր Վարդուհուն, ովքեր ամեն բան անում էին, որ մեր ուղևորությունն անցնի էլ ավելի լավ, հետաքրքիր և հիշարժան: