Posted in Գրականություն 9

Գիյոմ Ապոլիներ «Արբեք»

Միշտ պետք է արբած լինել։ Դա է կարևորը, միակ խնդիրը դա է։
Չզգալու համար ժամանակի զարհուրելի բեռը, որ ճնշում է ձեր ուսերն ու կորացնում ձեզ դեպի գետին, դուք պետք է արբեք անդադար։
Բայց ինչո՞վ։ Գինով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով ուզում եք, միայն թե արբեք։
Եվ եթե երբևիցե, լինի դա պալատի աստիճանների վրա, կանաչ փոսում, թե ձեր սենյակի մռայլ մենության մեջ, դուք ուշքի գաք, զգաք, որ ձեր արբեցումն արդեն անցել է կամ անցնում է, հարցրեք քամուն, ալիքին, աստղին, թոչնին, ժամացույցին՝ այն ամենին, որ հոսում է, այն ամենին, որ երգում է, այն ամենին, որ խոսում է, հարցրեք թե ո՞ր ժամն է, և քամին, ալիքը, աստղը, թռչունը, ժամացույցը կպատասխանեն ձեզ՝ «արբելու ժամն է»…
Ժամանակի տանջահար ստրուկը չլինելու համար՝ արբե´ք, անդադար արբեք։
Գինիով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով կամենաք։

Վերլուծություն

Արբած լինելը դա կյանքի իմաստ գտնելն է։ Արբած լինել նշանակում է ոգեշնչվել ինչ-որ բանով, գտնել որոշ ժամանակահատվածի ապրելու նպատակ, լույս, որը չի թողնի մեզ գիշերները քնել, որը կստիպի մեզ ետ գալ այս կյանք, գտնել այն, ինչը մեզ կստիպի չհոսել ժամանակի հետ միասին, չվատնել անիմաստ ժամանակը։ Արթնանալով լինել ոգեշնչված մի բանով, որը կստիպի առանց ձանձրույթի վեր կենալ, գնալ, կարդալ, նկարել, ուսումնասիրել։ ԵՎ երբ մի օր էլ մենք կրկին զգում ենք պարապություն, ձանձրույթ, պետք է կրկին գտնել մի բան, որը կդառնա ևս մի րոպե, ժամ, օր արբած լինելու պատճառ։ Միշտ պետք է գտնել ոգեշնչում, որին հետևելով մենք կունենանք մեր կյանքի իմաստը։

Posted in Գրականություն 9

Խորխե Բուկայ «Չեմ կարողացել․ չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա»

Երբ ես փոքր էի, պաշտում էի կրկեսը, և կրկեսում ամենից շատ գազաններն էին ինձ դուր գալիս: Ինձ հատկապես փիղն էր գրավում, որը, ինչպես հետո իմացա, նաև մյուս երեխաների սիրելին էր: Ներկայացման ժամանակ այդ հսկայական վայրի կենդանին ցուցադրում էր իր անասելի քաշը, ուժը, չափսերը… Բայց իր ելույթից հետո մինչև հաջորդ ելույթի սկիզբը նա շղթայված էր, շղթայի մի ծայրը կապված էր փղի ոտքին, իսկ մյուսը` գետնի մեջ խրված ցցին:

Դա ընդամենը փայտի մի կտոր էր, որ միայն մի քանի սանտիմետր էր խրված հողի մեջ: Չնայած շղթան հաստ էր և ամուր, ինձ համար ակնհայտ էր, որ այդպիսի կենդանին, որն ընդունակ է ծառեր արմատախիլ անելու, հեշտությամբ կարող էր այդ ցիցը հանել ու փախչել:
Ինձ համար հանելուկ էր մնացել` ի՞նչն էր նրան պահում, ինչո՞ւ նա չէր փախչում:

Երբ դեռ հինգ-վեց տարեկան էի, հավատում էի մեծահասակների իմաստնությանը: Չեմ հիշում` այս հարցերը ես տվեցի ուսուցչի՞ս, հայրիկի՞ս, թե՞ հորեղբորս: Նրանցից մեկն ինձ բացատրեց, թե փիղը չի փախչում, քանի որ նա վարժեցված է:
Այդ ժամանակ ես տվեցի միանգամայն ակնհայտ հարց. «Եթե փիղը վարժեցված է, էլ ինչո՞ւ են նրան շղթայում»:
Հիշում եմ, որ ոչ մի բավարար պատասխան չստացա: Ժամանակի ընթացքում մոռացա փղին էլ, նրա հետ կապված հարցերն էլ և այդ մասին հիշում էի միայն մարդկանց շրջապատում, ովքեր գոնե մեկ անգամ այդ հարցն իրենց տվել են:

Մի քանի տարի առաջ հայտնաբերեցի, որ, հուրախություն ինձ, բավականին խելացի մի մարդ գտել է հարցի պատասխանը` կրկեսային փիղը չի փախչում, որովհետև նա մանկուց կապված է նմանատիպ ցցի:
Աչքերս փակեցի և պատկերացրի ցցին կապված նորածին անպաշտպան փղին: Վստահ եմ, որ այն ժամանակ փղիկն ամբողջ ուժով ձգել է` փորձելով ազատվել: Բայց, չնայած թափված ջանքերին, ոչինչ չի ստացվել, քանի որ ցիցն այն ժամանակ բավականին ամուր է եղել:
Պատկերացնում էի, թե ինչպես է նա երեկոյան ուժասպառ ընկնում, իսկ առավոտյան փորձում նորից ու նորից… Մինչև, իր համար սարսափելի մի օր, նա հնազանդվել է իր ճակատագրին՝ ընդունելով սեփական անզորությունը:

Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչում, քանի որ խեղճը կարծում է, թե չի կարող:

Նրա հիշողության մեջ մնացել է անզորության այն զգացողությունը, որն ապրել է ծնվելուց անմիջապես հետո:
Եվ ամենավատն այն է, որ այդ հիշողությանը նա երբեք չի կասկածում:
Նա այլևս երբեք չի փորձել իր ուժը կիրառել:

-Այսպիսին է կյանքը, Դեմիան: Բոլորս էլ ինչ-որ բանով նման ենք կրկեսի փղին. այս կյանքում մենք կապված են հարյուրավոր ցցերի, որոնք սահմանափակում են մեր ազատությունը:
Ապրում ենք` համարելով, որ «չենք կարող» անել բազում գործեր, ուղղակի, որովհետև, շատ վաղուց, երբ դեռ փոքր էինք, փորձել ենք ու չենք կարողացել:
Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»:
Մենք մեծացել ենք այս հրահանգով, որն ինքներս ենք մեզ տվել, և դրա համար էլ երբեք չենք փորձել ցիցը հանել:
Երբեմն, շղթայի ձայնը լսելիս, հայացք ենք ձգում ցցին և մտածում.
Չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա:

…. Եվ միակ ձևը պարզելու, որ դու կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:
Քո ամբողջ ոգին:

Վերլուծություն

Պատմությունը սերտ կապված էր մարդկանց մեծամասնության հետ։ Բոլորս էլ հաստատ փոքր տարիքում ձգտել ենք մի բանի, որը մեր ուժերի հետ անհամեմատելի էր։ Հետո չկարողանալով հասնել նպատակին՝ հիասթափվել ենք և կարծել, որ դա մեզ մոտ երբեք էլ չի հաջողվի։
Մեծացել ենք նույն կարծիքով, որ դա նորից փորձելու կարիք չկա, որովհետև, եթե մեկ անգամ չի հաջողվել, ուրեմն էլ երբեք չի հաջողվի, սակայն դա մարդու կողմից ամենամեծ սխալն է․․․
Այս երևույթը կարող է դրսևորվել տարբեր երևույթներում․ մարդկանց մեծ մասը փոքր տարիքում փորձել է գումար հավաքել, սակայն դա նրա մոտ չի ստացվել, որովհետև միշտ հավաքածի միջից որոշ գումար վերցրել է և նրան չի հաջողվել հավաքել վերջնական նպատակի չափ գումար։ Մեծանալուց հետո այդ նույն մարդը կարող է նորից մտածել գումար հավաքելու մասին, սակայն այս անգամ նա միգուցե հրաժարվի այդ մտքից, որովհետև կկարծի, թե փոքր տարիքում չի ստացվել և անընդհատ վերցրել է, ու չի թողել, որ այն լցվի, ուրեմն հիմա էլ չի ստացվի նրա մոտ։ Սակայն նա արդեն մեծացել էր և կարող էր իր առաջ սահման դնել և չվերցնել, սակայն նրա միտքն այլ բան էր ասում։
Սրանից կարելի է եզրակացնել, որ երբեք պետք չէ հրաժարվել նպատակներից մեկ անգամ ձախողվելու պատճառով, որովհետև ձախողումները մեզ ավելի հմուտ են դարձնում տարբեր ասպարեզներում։

Posted in Գրականություն 9

Դինո Բուցատի «Փոքրիկ դրախտ»

Երջանկության ձևերը շատ են տարբեր: Գեներալ Օրանգուի ղեկավարած երկրի բնակիչները երջանիկ են այն օրվանից, երբ նրանց արյան մեջ ընկան ոսկե ձկնիկները: Ու պետք չէ զարմանալ դրանից: Քիչ կոպիտ՝ այդ ձկնիկերը ոսկե չեն, այլ ընդամենը` ոսկեգույն, սակայն բավական է տեսնել, թե ինչպես են փայլում ու ինչ կայտառ են, և դու ուզում ես ունենալ նրանցից: Իշխանությունն անմիջապես հասկացավ սա, երբ ինչ – որ մի բնագետ որսաց առաջին ձկնիկներին, ու սկսեցին արագորեն բազմացնել դրանց բարենպաստ պայմաններում: Մասնագետներին հայտնի «Z-8» ոսկե ձկնիկը չափազանց փոքր է. պատկերացրեք հավը ճանճի չափերով, ոսկե ձկնիկը այդ հավի մեծության է: Ուստի, երբ լրանում է երկրի բնակիչների տասնութ տարին, առանց դժվարության ներարկում են ձկնիկները նրանց արյան մեջ. նշված տարիքը ու ներարկման գործողությունը սահմանված են օրենքով: Բոլոր երիտասարդներն ու աղջիկներն անհամբերությամբ սպասում են օրվան, թե երբ կմտնեն այդ հատուկ բժշկական կենտրոններից մեկը, ուր նրանք գալիս են իրենց ընտանիքների ուղեկցությամբ ու ձեռքի երակներին միացնում են փողակը, որը միաժամանակ թափանցիկ երակի մի մասն է` լի ֆիզիոլոգիական լուծույթով, որտեղ հետո բաց են թողնում քսան ոսկե ձկնիկներ: Երջանիկը ու նրա ընտանիքը վայելում են ոսկե ձկնիկների խաղերը անոթի մեջ, մինչև որ նրանք, մեկը մյուսի հետևից, արդեն անշարժ, ու թվում է՝ վախեցած, լույսի փոքրիկ ցոլքերով մտնում են երակի մեջ: Կես ժամում քաղաքացին ստանում է ոսկե ձկնիկների մի ամբողջ վտառ, ապա հեռանում՝ հանդիսավորությամբ նշելու իրեն հասած երջանկությունը: Ուշադիր լինելու դեպքում կտեսնենք, որ երկրի բնակիչները երջանիկ են առավելապես երևակայության շնորհիվ, քան իրականության հետ ուղղակի շփման: Ոսկե ձկնիկներին ներարկելուց հետո տեսնելը արդեն հնարավոր չէ, ամեն ոք գիտի` նրանք անդադար անցնում են երակների ու զարկերակների հսկա ծառով ու յուրաքանչյուրին վերջին րոպեներին քնից առաջ թվում է, թե իր փակված կոպերի բաժակներում երևում ու անհետանում են այդ շողարձակող կայծերը, որոնք առանձնանում են իրենց փայլով՝ գետերի ու գետակների կարմիր ֆոնին, որոնցով շարժվում են նրանք:
Հատուկ հուզմունք է առաջացնում միտքը, թե քսան ոսկե ձկնիկները նույն պահին սկսում են բազմանալ: Սա է պատճառը, որ երկրի բնակիչը պատկերացնում է նրանց` փայլուն ու անթիվ՝ մարմնի տարբեր մասերում. ինչպես են դրանք սպրդում գլուխ, ինչպես են հոսում դեպի մատների ծայրերը, ինչպես են կուտակվում կոնքային մեծ զարկերակներում, լծային արյունադարձ երակներում կամ անհավանական ճկունությամբ թափանցում մարմնի ամենաթաքուն անկյունները: Ներքին այդ հայացքի ամենամեծ ուրախությունն ապահովում է ոսկե ձկնիկների փուլային անցումը սրտով, ուր թեք ոլորաններ են, լճակներ, սրընթաց հոսանքներ` հարմար խաղերի ու շփման համար: Այս մեծ ու աղմկոտ նավահանգստում ծանոթանում են ոսկե ձկնիկները, ընտրում զույգեր, միավորում ճակատագրերը: Պատանին կամ պարմանուհին սիրահարվում են՝ համոզված, թե տղայի (կամ աղջկա) սրտում նույնպես մի ոսկե ձկնիկ գտավ իր զույգին: Մի քանիսը նույնիսկ խուտուտ հիշեցնող զգացումը բացատրում են համապատասխան վայրերում ոսկե ձկնիկների զուգավորմամբ: Կյանքի գլխավոր ռիթմերը արտաքնապես համընկնում են նույն ռիթմերին` արդեն նրանց ներսում. ուստի՝հնարավո՞ր է առավել ներդաշնակ երջանկությունՊատկերը մռայլում է սոսկ հանգամանքը, թե երբեմն – երբեմն ոսկե ձկնիկներից որևէ մեկը մեռնում է: Ու թեպետ ապրում են երկար, սակայն օրերից մի օր, մեռնողի մարմինը` արյան հմայական շարժումներով, ի վերջո, խցանում է անցումը զարկերակից երակ – երակից որևէ անոթ: Երկրի բնակիչներին հայտնի են ախտանիշները, որոնք նաև շատ պարզ են. դժվարանում է շնչելը, ու երբեմն պտտվում է գլուխը: Եթե զգում է սույն երևույթը, ուրեմն անմիջապես հանում են ներարկման սրվակը. որը պահում են տանը՝ նման դեպքերի համար: Մեռած ձկնիկը սրվակի պարունակությունից հաշված րոպեների ընթացքում ներծծվում է, ու նորից կարգավորվում է արյան շրջանառությունը: Յուրաքանչյուրին պաշտոնապես թույլատրված է օգտագործել ամիսը երեք սրվակ` հաշվի առնելով հանգամանքը, թե ոսկե ձկնիկները բազմանում են արագ, ու ժամանակի ընթացքում նրանց մահերի քանակը նույնպես աճում է: Գեներալ Օրանգուի իշխանությունը սրվակի արժեքը սահմանել է քսան դոլլար, որը տարվա ընթացքում երկրին մի քանի միլիոն եկամուտ է բերում: Եթե արտասահմանցի դիտորդները որակում են սույնը որպես ծանր հարկ, ուրեմն երկրի բնակիչները բողոքում են, քանի որ յուրաքանչյուր սրվակ վերադարձնում է նրանց երջանկությունը, իսկ երջանկության համար վճարելը միանգամայն արդարացի է: Աղքատ ընտանիքների մասին խորհելիս (ինչը հաճախ է պատահում), իշխանությունը հնարավորություն է ընձեռում նրանց ձեռք բերել սրվակները ապառիկով՝ բռնագանձելով կրկնակի, ինչը լիովին տրամաբանական է: Եթե վերոնշյալ հարմարավետ պայմաններից հետո էլ ինչ – որ մեկը մնում է առանց սրվակների, ուրեմն դիմում է գերհաջողակ սև շուկային, որին իշխանությունը թույլատրում է ծաղկել` ըմբռնելով մարդկանց կարիքները ու ցանկանալով օգնել նրանց՝ հանուն ժողովրդի ու մի քանի գնդապետների բարօրության: Ի վերջո, ի՞նչ նշանակություն ունի աղքատությունը, երբ հայտնի է, որ բոլորն ունեն ոսկե ձկնիկներ, ու ոսկե ձկնիկներ կստանան բոլոր սերունդները, ու կրկին ու կրկին կլինեն տոնակատարություններ, կլինեն պարեր, կլինեն երգեր:

Վերլուծություն

Կարծում եմ, որ «Փոքրիկ դրախտ» անվանումը չափազանցված է, քանի որ ոսկե ձկնիկները պարզապես օգնում էին մարդկանց մոռանալ առօրյա հոգսերը: Դա տալիս էր փոքրիկ երջանկություն, որին ոչ մեկը չէր կարողանում դիմակայել: Իսկ դրախտը ըստ իս այն վայրն է, որտեղ մարդիկ իրենց անսահման երջանիկ և անհոգ են զգում, չկան ծախսեր և գումարի մասին մտածելու առիթ ևս չկա։ Բայց այստեղ յուրաքանչյուրը, նույնիսկ աղքատները, փորձում էին գումար գտնել, որպիսի կարողանան օգտվել ձկներով երջանկությունից։