Posted in Գրականություն 9

Գիյոմ Ապոլիներ «Արբեք»

Միշտ պետք է արբած լինել։ Դա է կարևորը, միակ խնդիրը դա է։
Չզգալու համար ժամանակի զարհուրելի բեռը, որ ճնշում է ձեր ուսերն ու կորացնում ձեզ դեպի գետին, դուք պետք է արբեք անդադար։
Բայց ինչո՞վ։ Գինով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով ուզում եք, միայն թե արբեք։
Եվ եթե երբևիցե, լինի դա պալատի աստիճանների վրա, կանաչ փոսում, թե ձեր սենյակի մռայլ մենության մեջ, դուք ուշքի գաք, զգաք, որ ձեր արբեցումն արդեն անցել է կամ անցնում է, հարցրեք քամուն, ալիքին, աստղին, թոչնին, ժամացույցին՝ այն ամենին, որ հոսում է, այն ամենին, որ երգում է, այն ամենին, որ խոսում է, հարցրեք թե ո՞ր ժամն է, և քամին, ալիքը, աստղը, թռչունը, ժամացույցը կպատասխանեն ձեզ՝ «արբելու ժամն է»…
Ժամանակի տանջահար ստրուկը չլինելու համար՝ արբե´ք, անդադար արբեք։
Գինիով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով կամենաք։

Վերլուծություն

Արբած լինելը դա կյանքի իմաստ գտնելն է։ Արբած լինել նշանակում է ոգեշնչվել ինչ-որ բանով, գտնել որոշ ժամանակահատվածի ապրելու նպատակ, լույս, որը չի թողնի մեզ գիշերները քնել, որը կստիպի մեզ ետ գալ այս կյանք, գտնել այն, ինչը մեզ կստիպի չհոսել ժամանակի հետ միասին, չվատնել անիմաստ ժամանակը։ Արթնանալով լինել ոգեշնչված մի բանով, որը կստիպի առանց ձանձրույթի վեր կենալ, գնալ, կարդալ, նկարել, ուսումնասիրել։ ԵՎ երբ մի օր էլ մենք կրկին զգում ենք պարապություն, ձանձրույթ, պետք է կրկին գտնել մի բան, որը կդառնա ևս մի րոպե, ժամ, օր արբած լինելու պատճառ։ Միշտ պետք է գտնել ոգեշնչում, որին հետևելով մենք կունենանք մեր կյանքի իմաստը։

Posted in Գրականություն 9

Խորխե Բուկայ «Չեմ կարողացել․ չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա»

Երբ ես փոքր էի, պաշտում էի կրկեսը, և կրկեսում ամենից շատ գազաններն էին ինձ դուր գալիս: Ինձ հատկապես փիղն էր գրավում, որը, ինչպես հետո իմացա, նաև մյուս երեխաների սիրելին էր: Ներկայացման ժամանակ այդ հսկայական վայրի կենդանին ցուցադրում էր իր անասելի քաշը, ուժը, չափսերը… Բայց իր ելույթից հետո մինչև հաջորդ ելույթի սկիզբը նա շղթայված էր, շղթայի մի ծայրը կապված էր փղի ոտքին, իսկ մյուսը` գետնի մեջ խրված ցցին:

Դա ընդամենը փայտի մի կտոր էր, որ միայն մի քանի սանտիմետր էր խրված հողի մեջ: Չնայած շղթան հաստ էր և ամուր, ինձ համար ակնհայտ էր, որ այդպիսի կենդանին, որն ընդունակ է ծառեր արմատախիլ անելու, հեշտությամբ կարող էր այդ ցիցը հանել ու փախչել:
Ինձ համար հանելուկ էր մնացել` ի՞նչն էր նրան պահում, ինչո՞ւ նա չէր փախչում:

Երբ դեռ հինգ-վեց տարեկան էի, հավատում էի մեծահասակների իմաստնությանը: Չեմ հիշում` այս հարցերը ես տվեցի ուսուցչի՞ս, հայրիկի՞ս, թե՞ հորեղբորս: Նրանցից մեկն ինձ բացատրեց, թե փիղը չի փախչում, քանի որ նա վարժեցված է:
Այդ ժամանակ ես տվեցի միանգամայն ակնհայտ հարց. «Եթե փիղը վարժեցված է, էլ ինչո՞ւ են նրան շղթայում»:
Հիշում եմ, որ ոչ մի բավարար պատասխան չստացա: Ժամանակի ընթացքում մոռացա փղին էլ, նրա հետ կապված հարցերն էլ և այդ մասին հիշում էի միայն մարդկանց շրջապատում, ովքեր գոնե մեկ անգամ այդ հարցն իրենց տվել են:

Մի քանի տարի առաջ հայտնաբերեցի, որ, հուրախություն ինձ, բավականին խելացի մի մարդ գտել է հարցի պատասխանը` կրկեսային փիղը չի փախչում, որովհետև նա մանկուց կապված է նմանատիպ ցցի:
Աչքերս փակեցի և պատկերացրի ցցին կապված նորածին անպաշտպան փղին: Վստահ եմ, որ այն ժամանակ փղիկն ամբողջ ուժով ձգել է` փորձելով ազատվել: Բայց, չնայած թափված ջանքերին, ոչինչ չի ստացվել, քանի որ ցիցն այն ժամանակ բավականին ամուր է եղել:
Պատկերացնում էի, թե ինչպես է նա երեկոյան ուժասպառ ընկնում, իսկ առավոտյան փորձում նորից ու նորից… Մինչև, իր համար սարսափելի մի օր, նա հնազանդվել է իր ճակատագրին՝ ընդունելով սեփական անզորությունը:

Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչում, քանի որ խեղճը կարծում է, թե չի կարող:

Նրա հիշողության մեջ մնացել է անզորության այն զգացողությունը, որն ապրել է ծնվելուց անմիջապես հետո:
Եվ ամենավատն այն է, որ այդ հիշողությանը նա երբեք չի կասկածում:
Նա այլևս երբեք չի փորձել իր ուժը կիրառել:

-Այսպիսին է կյանքը, Դեմիան: Բոլորս էլ ինչ-որ բանով նման ենք կրկեսի փղին. այս կյանքում մենք կապված են հարյուրավոր ցցերի, որոնք սահմանափակում են մեր ազատությունը:
Ապրում ենք` համարելով, որ «չենք կարող» անել բազում գործեր, ուղղակի, որովհետև, շատ վաղուց, երբ դեռ փոքր էինք, փորձել ենք ու չենք կարողացել:
Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»:
Մենք մեծացել ենք այս հրահանգով, որն ինքներս ենք մեզ տվել, և դրա համար էլ երբեք չենք փորձել ցիցը հանել:
Երբեմն, շղթայի ձայնը լսելիս, հայացք ենք ձգում ցցին և մտածում.
Չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա:

…. Եվ միակ ձևը պարզելու, որ դու կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:
Քո ամբողջ ոգին:

Վերլուծություն

Պատմությունը սերտ կապված էր մարդկանց մեծամասնության հետ։ Բոլորս էլ հաստատ փոքր տարիքում ձգտել ենք մի բանի, որը մեր ուժերի հետ անհամեմատելի էր։ Հետո չկարողանալով հասնել նպատակին՝ հիասթափվել ենք և կարծել, որ դա մեզ մոտ երբեք էլ չի հաջողվի։
Մեծացել ենք նույն կարծիքով, որ դա նորից փորձելու կարիք չկա, որովհետև, եթե մեկ անգամ չի հաջողվել, ուրեմն էլ երբեք չի հաջողվի, սակայն դա մարդու կողմից ամենամեծ սխալն է․․․
Այս երևույթը կարող է դրսևորվել տարբեր երևույթներում․ մարդկանց մեծ մասը փոքր տարիքում փորձել է գումար հավաքել, սակայն դա նրա մոտ չի ստացվել, որովհետև միշտ հավաքածի միջից որոշ գումար վերցրել է և նրան չի հաջողվել հավաքել վերջնական նպատակի չափ գումար։ Մեծանալուց հետո այդ նույն մարդը կարող է նորից մտածել գումար հավաքելու մասին, սակայն այս անգամ նա միգուցե հրաժարվի այդ մտքից, որովհետև կկարծի, թե փոքր տարիքում չի ստացվել և անընդհատ վերցրել է, ու չի թողել, որ այն լցվի, ուրեմն հիմա էլ չի ստացվի նրա մոտ։ Սակայն նա արդեն մեծացել էր և կարող էր իր առաջ սահման դնել և չվերցնել, սակայն նրա միտքն այլ բան էր ասում։
Սրանից կարելի է եզրակացնել, որ երբեք պետք չէ հրաժարվել նպատակներից մեկ անգամ ձախողվելու պատճառով, որովհետև ձախողումները մեզ ավելի հմուտ են դարձնում տարբեր ասպարեզներում։

Posted in Գրականություն 9

Դինո Բուցատի «Փոքրիկ դրախտ»

Երջանկության ձևերը շատ են տարբեր: Գեներալ Օրանգուի ղեկավարած երկրի բնակիչները երջանիկ են այն օրվանից, երբ նրանց արյան մեջ ընկան ոսկե ձկնիկները: Ու պետք չէ զարմանալ դրանից: Քիչ կոպիտ՝ այդ ձկնիկերը ոսկե չեն, այլ ընդամենը` ոսկեգույն, սակայն բավական է տեսնել, թե ինչպես են փայլում ու ինչ կայտառ են, և դու ուզում ես ունենալ նրանցից: Իշխանությունն անմիջապես հասկացավ սա, երբ ինչ – որ մի բնագետ որսաց առաջին ձկնիկներին, ու սկսեցին արագորեն բազմացնել դրանց բարենպաստ պայմաններում: Մասնագետներին հայտնի «Z-8» ոսկե ձկնիկը չափազանց փոքր է. պատկերացրեք հավը ճանճի չափերով, ոսկե ձկնիկը այդ հավի մեծության է: Ուստի, երբ լրանում է երկրի բնակիչների տասնութ տարին, առանց դժվարության ներարկում են ձկնիկները նրանց արյան մեջ. նշված տարիքը ու ներարկման գործողությունը սահմանված են օրենքով: Բոլոր երիտասարդներն ու աղջիկներն անհամբերությամբ սպասում են օրվան, թե երբ կմտնեն այդ հատուկ բժշկական կենտրոններից մեկը, ուր նրանք գալիս են իրենց ընտանիքների ուղեկցությամբ ու ձեռքի երակներին միացնում են փողակը, որը միաժամանակ թափանցիկ երակի մի մասն է` լի ֆիզիոլոգիական լուծույթով, որտեղ հետո բաց են թողնում քսան ոսկե ձկնիկներ: Երջանիկը ու նրա ընտանիքը վայելում են ոսկե ձկնիկների խաղերը անոթի մեջ, մինչև որ նրանք, մեկը մյուսի հետևից, արդեն անշարժ, ու թվում է՝ վախեցած, լույսի փոքրիկ ցոլքերով մտնում են երակի մեջ: Կես ժամում քաղաքացին ստանում է ոսկե ձկնիկների մի ամբողջ վտառ, ապա հեռանում՝ հանդիսավորությամբ նշելու իրեն հասած երջանկությունը: Ուշադիր լինելու դեպքում կտեսնենք, որ երկրի բնակիչները երջանիկ են առավելապես երևակայության շնորհիվ, քան իրականության հետ ուղղակի շփման: Ոսկե ձկնիկներին ներարկելուց հետո տեսնելը արդեն հնարավոր չէ, ամեն ոք գիտի` նրանք անդադար անցնում են երակների ու զարկերակների հսկա ծառով ու յուրաքանչյուրին վերջին րոպեներին քնից առաջ թվում է, թե իր փակված կոպերի բաժակներում երևում ու անհետանում են այդ շողարձակող կայծերը, որոնք առանձնանում են իրենց փայլով՝ գետերի ու գետակների կարմիր ֆոնին, որոնցով շարժվում են նրանք:
Հատուկ հուզմունք է առաջացնում միտքը, թե քսան ոսկե ձկնիկները նույն պահին սկսում են բազմանալ: Սա է պատճառը, որ երկրի բնակիչը պատկերացնում է նրանց` փայլուն ու անթիվ՝ մարմնի տարբեր մասերում. ինչպես են դրանք սպրդում գլուխ, ինչպես են հոսում դեպի մատների ծայրերը, ինչպես են կուտակվում կոնքային մեծ զարկերակներում, լծային արյունադարձ երակներում կամ անհավանական ճկունությամբ թափանցում մարմնի ամենաթաքուն անկյունները: Ներքին այդ հայացքի ամենամեծ ուրախությունն ապահովում է ոսկե ձկնիկների փուլային անցումը սրտով, ուր թեք ոլորաններ են, լճակներ, սրընթաց հոսանքներ` հարմար խաղերի ու շփման համար: Այս մեծ ու աղմկոտ նավահանգստում ծանոթանում են ոսկե ձկնիկները, ընտրում զույգեր, միավորում ճակատագրերը: Պատանին կամ պարմանուհին սիրահարվում են՝ համոզված, թե տղայի (կամ աղջկա) սրտում նույնպես մի ոսկե ձկնիկ գտավ իր զույգին: Մի քանիսը նույնիսկ խուտուտ հիշեցնող զգացումը բացատրում են համապատասխան վայրերում ոսկե ձկնիկների զուգավորմամբ: Կյանքի գլխավոր ռիթմերը արտաքնապես համընկնում են նույն ռիթմերին` արդեն նրանց ներսում. ուստի՝հնարավո՞ր է առավել ներդաշնակ երջանկությունՊատկերը մռայլում է սոսկ հանգամանքը, թե երբեմն – երբեմն ոսկե ձկնիկներից որևէ մեկը մեռնում է: Ու թեպետ ապրում են երկար, սակայն օրերից մի օր, մեռնողի մարմինը` արյան հմայական շարժումներով, ի վերջո, խցանում է անցումը զարկերակից երակ – երակից որևէ անոթ: Երկրի բնակիչներին հայտնի են ախտանիշները, որոնք նաև շատ պարզ են. դժվարանում է շնչելը, ու երբեմն պտտվում է գլուխը: Եթե զգում է սույն երևույթը, ուրեմն անմիջապես հանում են ներարկման սրվակը. որը պահում են տանը՝ նման դեպքերի համար: Մեռած ձկնիկը սրվակի պարունակությունից հաշված րոպեների ընթացքում ներծծվում է, ու նորից կարգավորվում է արյան շրջանառությունը: Յուրաքանչյուրին պաշտոնապես թույլատրված է օգտագործել ամիսը երեք սրվակ` հաշվի առնելով հանգամանքը, թե ոսկե ձկնիկները բազմանում են արագ, ու ժամանակի ընթացքում նրանց մահերի քանակը նույնպես աճում է: Գեներալ Օրանգուի իշխանությունը սրվակի արժեքը սահմանել է քսան դոլլար, որը տարվա ընթացքում երկրին մի քանի միլիոն եկամուտ է բերում: Եթե արտասահմանցի դիտորդները որակում են սույնը որպես ծանր հարկ, ուրեմն երկրի բնակիչները բողոքում են, քանի որ յուրաքանչյուր սրվակ վերադարձնում է նրանց երջանկությունը, իսկ երջանկության համար վճարելը միանգամայն արդարացի է: Աղքատ ընտանիքների մասին խորհելիս (ինչը հաճախ է պատահում), իշխանությունը հնարավորություն է ընձեռում նրանց ձեռք բերել սրվակները ապառիկով՝ բռնագանձելով կրկնակի, ինչը լիովին տրամաբանական է: Եթե վերոնշյալ հարմարավետ պայմաններից հետո էլ ինչ – որ մեկը մնում է առանց սրվակների, ուրեմն դիմում է գերհաջողակ սև շուկային, որին իշխանությունը թույլատրում է ծաղկել` ըմբռնելով մարդկանց կարիքները ու ցանկանալով օգնել նրանց՝ հանուն ժողովրդի ու մի քանի գնդապետների բարօրության: Ի վերջո, ի՞նչ նշանակություն ունի աղքատությունը, երբ հայտնի է, որ բոլորն ունեն ոսկե ձկնիկներ, ու ոսկե ձկնիկներ կստանան բոլոր սերունդները, ու կրկին ու կրկին կլինեն տոնակատարություններ, կլինեն պարեր, կլինեն երգեր:

Վերլուծություն

Կարծում եմ, որ «Փոքրիկ դրախտ» անվանումը չափազանցված է, քանի որ ոսկե ձկնիկները պարզապես օգնում էին մարդկանց մոռանալ առօրյա հոգսերը: Դա տալիս էր փոքրիկ երջանկություն, որին ոչ մեկը չէր կարողանում դիմակայել: Իսկ դրախտը ըստ իս այն վայրն է, որտեղ մարդիկ իրենց անսահման երջանիկ և անհոգ են զգում, չկան ծախսեր և գումարի մասին մտածելու առիթ ևս չկա։ Բայց այստեղ յուրաքանչյուրը, նույնիսկ աղքատները, փորձում էին գումար գտնել, որպիսի կարողանան օգտվել ձկներով երջանկությունից։

Posted in Գրականություն 9

Դինո Բուցատ «Ճագարներ լուսնի տակ»

Պարտեզում լուսինն է և խոտի ու բույսերի հոտը, որն հիշեցնում է որոշ անցած-գնացած առավոտներ (երբևէ եղե՞լ են դրանք), երբ լուսադեմին, երկարաճիտ կոշիկներով ու հրացանով, դուրս էինք գալիս որսի: Բայց հիմա խաղաղավետ լուսին է, հանգած պատուհաններ, շատրվանն այլև չի ցայտում. լռություն: Մարգագետնին չորս-հինգ, փոքրիկ սև կետեր են: Ամեն անգամ շարժվում են` զվարճալի, արագ ցատկերով, առանց փոքր իսկ աղմուկի: Ծաղկանոցների ստվերում` ասես սպասում են: Ճագարներ են: Պարտեզը, խոտը, այդ անուշ բուրմունքը, անդորրագին լուսինը, գիշերն ` այնքան անսահման ու հեշտագին, որ ներսումդ ցավ ես զգում անհասկանալի պատճառներով, այս ամբողջ հիասքանչ գիշերը իրենցն է: Երջանի՞կ են: Ցատկոտում են զույգ-զույգ, նրանց թաթերից ամենաթեթև սոսափյուն իսկ չի լսվում: Կարծես ստվերներ լինեն: Պստիկ ուրվականներ, անօգնական ոգիներն այս գյուղի, որը քնած է շուրջ բոլորը, տեսանելի` լուսնի ներքո, այնտեղ` շատ հեռվում: Ու թույլ կայծկլտում են նաև ժայռի հեռավոր պատերը, մենակյաց լեռները: Բայց ճագարներն ականջները սրած`սպասում են, ինչի՞ են սպասում: Գուցե հույս են տածում, թե կարող են ավելի երջանի՞կ լինել: Այնտեղ, փոքր պատի ետևում, հորատանցք տանող թունելի մեջ, որտեղ արշալույսին պիտի մտնեն քնելու, թակարդ է դրված: Նրանք այդ մասին չգիտեն: Ոչ էլ մենք գիտենք, երբ ընկերների հետ խաղում ենք ու ծիծաղում, թե ինչ է սպասում մեզ. ոչ ոք չի կարող իմանալ ցավերը, անականկալները, հիվանդությունները, որ գուցե պահված են վաղվա համար: Ճագարների նման` մենք էլ մարգագետնին ենք, անշարժ, մեզ թունավորող նույն անհանգստությամբ: Որտե՞ղ է թակարդը լարվել: Ամենաերջանիկ գիշերները ևս, անցնում են `մեզ չսփոփելով:

Սպասում ենք, սպասում: Մինչդեռ լուսինը մի երկար կամար է կազմել  երկնքում: Նրա ստվերները րոպե առ րոպե դառնում են ավելի երկարավուն: Ճագարները, ականջները ցցած`լուսավոր խոտի վրա պատկերագծում են հրեշավոր սև զոլեր: Մենք նույնպես, գիշերվա մեջ, գյուղի մեջտեղում, այլ բան չենք այլևս, քան ստվերներ, մութ ուրվականներ` հոգսերի անտեսանելի բեռով մեր ներսում: Որտե՞ ղ է թակարդը լարված:

Լուսնի հեքիաթային լույսի տակ երգում են ծղրիդները:

Վերլուծություն

Պատմվածքում հեղինակը ըստ իս փորձում է մարդկանց բացատրել, որ մեզանից ոչ ոք չգիտի իր ապագան, չգիտի թե իրեն ինչ է սպասվում։
Շատ են մարդիկ, ովքեր հորինում են իրենց համար ապագա, սակայն այդ նույն մարդիկ հաշվի չեն առնում, որ հենց հաջորդ վարկյանին կարող է այնպիսի բան ատահել, որ ոչ ոք չէր կարող երևակայել։ Այդպիսի դեպքերից խուսափելու համար անհրաժեշտ է ոչ թե մտածել ապագայում ինչ անել, այլ անել հենց նույն պահին, որովհետև քո ապագային սպասելուց քո ցանկությունը կարող է այդպես անկատար էլ մնալ։

Posted in Գրականություն 9

Ժակ Պրևեր «Ավելի վատ»

Ցեխոտ շանը թողեք ներս…
Ավելի վատ նրանց համար
ովքեր շուն չեն սիրում
ոչ էլ ցեխ
Ոտքից գլուխ ցեխոտ շանը թողեք ներս…
Ավելի վատ նրանց համար
ովքեր չեն սիրում ցեխ
ովքեր չեն հասկանում
ովքեր չգիտեն շանը
ովքեր չգիտեն ցեխը
շանը թողեք ներս…
որ թափահարում է ցեխը վրայից
ցեխը կարող ես լվանալ
շանը կարող ես լվանալ
և ջուրն էլ կարող ես լվանալ
բայց չես կարող լվանալ նրանց
ովքեր ասում են թե սիրում են շանը
պայմանով միայն…
ցեխոտ շունը մաքուր է
ցեխը մաքուր է
երբեմն ջուրն էլ մաքուր է
նրանք ովքեր ասում են՝ պայմանով միայն…
նրանք մաքուր չեն
բացարձակապես:

Վերլուծություն

Մենք հաճախ ենք շրխկացնում դռները կեղտոտ, թափառական շների նաև մարդկանց վրա, նույնիսկ չմտածելով, որ նրանք ավելի մաքուր են քան մենք:
Հեշտ է ընկերների հետ խոսել թափառական շների, անօթևան մարդկանց մասին, նրանց օգնելու, նրանց վատ չվերաբերվելու մասին: Բայց երբ հերթը հասնում է գործնականին, արդեն մոռանում ենք բարեհոգությունը: Մենք կարող ենք առանց մտածելու դուրս շպրտել այն մարդկանց և շներին, ովքեր մի փոքր կկեղտոտեն մեր տունը:
Ժակ Պրևերի «Ավելի վատ» բանաստեղծությունում ամբողջովին ներկայացված է վերոնշյալ իրավիճակը: Այստեղ բանաստեղծը խնդրում է կեղտոտ շներին ներս թողնել, քանի որ ամենինչ կարելի է մաքրել, նույնիսկ ցեխը, բայց մարդկային հոգին ու վերաբերմունքը՝ երբեք: Եվ հենց վերջում բանաստեղծն ասում է.
Մարդիկ, ովքեր ասում են՝ պայմանով միայն, նրանք մաքուր չեն բացարձակապես: Եվ իրոք, նրանք են կեղտոտ, ովքեր մարդուն ընդունում են հագուստով, և մարդկանց հետ շփվում են միայն շահի համար:

Posted in Գրականություն 9

Ռ․ Ագուտագավա «Գորտը»

Ես նստած եմ հին լճակի մոտ, որ լեցուն է գորտերով: Լճակի եզրերին խիտ աճել են որձախոտն ու շաքարեղեգը: Ափին՝ շաքարեղեգի և որձախոտի վրա հակված, քամու տակ հաճելի շրշում են բարձրիկ ուռիները: Իսկ դրանց գլխավերևում` ամառային կապույտ երկինքն է, և այնտեղ շողշողում են, հանց ապակու բեկորներ, ժանյակավոր ամպերը: Եվ այդ ամենի արտացոլանքը լճակում շատ ավելի գեղեցիկ տեսք ունի, քան իրականության մեջ: Լճակում ապրող գորտերը ողջ օրն անձանձիր կռկռում են` կըռ, կըռ: Բայց իրականում գորտերի միջև կատաղի վեճեր են տեղի ունենում: Սխալ կլիներ պնդելը, թե գորտերը խոսում էին միայն Եզովպոսի ժամանակներում: Գորտերից մեկը շաքարեղեգի տերևներից մեկի վրա տեղավորված և իրեն համալսարանական պրոֆեսոր երևակայելով՝ հայտարարեց.
— Ինչի՞ համար գոյություն ունի ջուրը: Այն բանի համար, որ մենք` գորտերս, կարողանանք լողալ: Ինչի՞ համար գոյություն ունեն միջատները: Այն բանի համար, որ մենք կարողանանք նրանցով սնվել:
— Ճիշտ է, ճիշտ է,- գոչում էին լճակում նստած գորտերը: Լճակի ողջ մակերեսը, որում արտացոլվում էին երկինքը, խոտը և ծառերը, համարյա ամբողջովին լցված էր գորտերով, և այդ պատճառով նրանց հավանության բացականչությունները բավական ազդեցիկ էին հնչում:
Այդ պահին զարթնեց ուռենու բնի մոտ քնած օձը, ում արթնացրել էր տաղտկալի կռկռոցը: Գլուխը բարձրացնելով, նա նայեց լճակի կողմը և քնատ թուքը կլլեց:
— Ինչի՞ համար գոյություն ունի երկիրը: Այն բանի համար, որ նրա վրա աճեն ծառերն ու խոտը: Որպեսզի ստվեր ստեղծեն մեզ համար՝ գորտերիս: Հետևաբար, կարելի է պնդել, որ ողջ երկիրը գոյություն ունի մեզ համար` գորտերիս:
— Ճիշտ է, ճիշտ է:
Երկրորդ անգամ լսելով հավանության բացականչությունները, օձը մտրակի պես պրկվեց: Նա անաղմուկ սողաց դեպի շաքարեղեգը, և սև աչքերը փայփլացնելով՝ սկսեց ուշադիր զննել, թե ինչ է տեղի ունենում լճակում:Շաքարեղեգի տերևի վրա բազմած գորտը, առաջվա պես իր վիթխարի բերանը լայն բաց արած, հռետորություն էր անում.
— Ինչի՞ համար գոյություն ունի երկինքը: Այն բանի համար, որ նրանից կախված լինի արևը: Հետևաբար, կարելի է պնդել, որ ողջ երկինքը գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, և ջուրը, և խոտը, և ծառերը, և միջատները, և երկիրը, և երկինքը, և արևը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, անհերքելի է այն փաստը, որ ողջ տիեզերքը գոյություն ունի մեզ համար: Բացատրելով ձեզ այդ փաստը, ես դրա հետ մեկտեղ՝ կկամենայի շնորհակալ լինել Ամենազորին այն բանի համար, որ տիեզերքը նա ստեղծել է մեզ համար` գորտերիս:
Հայացքը երկինք ուղղելով և մոլեգին աչքերը պտտեցնելով, գորտը դարձյալ լայն բաց արեց իր վիթխարի բերանն ու ազդարարեց.
— Թող սուրբ լինի անունը քո, տեր…
Չհասցրեց նա ավարտել, երբ առ նա սուրաց օձի գլուխը, և պերճախոս գորտը հայտնվեց օձի երախում:
— Կըռ, կըռ, դա սարսափելի է:
— Կըռ, կըռ, դա սարսափելի է:
— Սարսափելի է, կըռ, կըռ:
Մինչ լճակի ցնցված բնակիչները ճչում էին, օձը հանգիստ կուլ տվեց գորտին և թաքնվեց շաքարեղեգի մացառուտներում: Այդժամ մի այնպիսի իրարանցում սկսվեց, որ դեռևս երկրի երեսին չէր տեսնվել, համենայն դեպս, այն ժամանակվանից, ինչ գոյություն ուներ այս լճակը: Ես ինքս լսեցի, թե ինչպես մի գորտ արտասվաթոր հարցնում էր.
— Եվ ջուրը, և խոտը, և ծառերը, և միջատները, և երկիրը, և երկինքը, և արևը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Իսկ օձն ինչպե՞ս: Օ՞ձն էլ մեզ համար գոյություն ունի:
— Միանգամայն ճիշտ է: Օձն էլ գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս, թե չէ մենք անսահմանորեն կբազմանայինք: Իսկ եթե մենք այդքան բազմանանք, ապա նեղվածք կլիներ լճակում` մեր աշխարհում: Ահա թե ինչու են սողում օձերը, որպեսզի ուտեն մեզ՝ գորտերիս: Պետք է ելնել այն բանից, որ կերված գորտը զոհ է՝ մեծամասնության երջանկության համար մատուցված: Դու լիովին ճիշտ ես: Օձերն էլ գոյություն ունեն մեզ համար` գորտերիս: Ամեն բան աշխարհում, ամենայն ինչ առանց բացառության, գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Թող սուրբ լինի անունը քո, Տեր:
Դա իմ լսած պատասխանն էր տարեց մի գորտից:

Վերլուծություն

Պատմվածքում ներկայացնում են գորտերին, սակայն այստեղ գորտերը պարզապես օրինակ են, որովհետև հեղինակը փորձել է մարդկանց օրինակը ցույց տա այլ բաների վրա և արդյունքում որոշվել է գորտը։
Սա այն մարդկանց մասին է, ովքեր մտածում են, որ աշխարհը պտտվում է նրանց շուրջը և ինքնասիրահարվածության պատճառով նրանք մոռանում են վտանգի մասին և օերեից մի օր այդ փակ աչքերով ապրելու պատճառով դառնում են ինչ-որ մեկի զոհը։
Կարծում եմ, որ պատմվածքում օձի կողմից տրված պատիժը հարկավոր էր այնքանով, որ մյուս գորտերը օրինակ վերցնեն և փոխվեն,սակայն նրանք փոխվելու փոխարեն նախընտրում են պատճառներ հորինել։

Posted in Գրականություն 9

Կաֆկա «Կամուրջը»

Ես սառն էի և ամուր էի, ես կամուրջ էի, ես պառկած էի անդնդի վրա: Այս կողմում ոտքերիս մատները մտան հողի մեջ, իսկ այն կողմում՝ ձեռքերս: Ես ատամներս խրեցի կավահողի մեջ: Իմ սերթուկի փեշերը ճոճվում են կողքից: Ներքևում աղմկում է առվակը, որի մեջ կան կարմրախայտեր: Ոչ մի ճանապարհորդ չի մագլցել այս բարձունքը, կամուրջը դեռ նշված չէ քարտեզների վրա: Ամեն կամուրջ քանի դեռ չի փլվել, եթե այն կառուցված է, չի դադարում կամուրջ լինելուց:

Դա պատահեց երեկոյան. չգիտեմ, առաջին երեկոն էր, թե հազարերորդ երեկոն. իմ մտքերը միշտ ցաքուցրիվ էին և պտտվում էին: Մի երեկո աղբյուրը կչկչաց ավելի խուլ, և ես լսեցի մարդկային քայլերի ձայնը: Դեպի ինձ, դեպի ինձ… Բացվիր կամուրջ, ծառայիր, առանց բազրիքների գերան, պահիր նրան, ով վստահել է քեզ: Մեղմիր նրա քայլվածքի անվստահությունը, բայց եթե նա հանկարծ ճոճվի, ցույց տուր նրան, թե ինչի ես ընդունակ, և որպես լեռնային աստված, նետիր նրան այս կողմ:

Նա մոտեցավ ինձ, հարվածեց իր ձեռնափայտի մետաղի ծայրով, հետո հավաքեց դրանով իմ սերթուկի փեշերը: Նա խրեց մետաղե ծայրը իմ խառնված մազերի մեջ և երկար ժամանակ չէր հանում այդտեղից, հավանաբար վայրենաբար այս ու այն կողմ նայելով: Իսկ հետո,- ես երազանքներում հետևում էի նրան դեպի լեռներն ու հեռուները,- նա երկու ոտքով ցատկեց իմ մարմնի մեջտեղը: Ես ջղաձգվեցի սաստիկ ցավից, բոլորովին անտեղյակ: Ո՞վ էր դա: Երեխա՞: Տեսի՞լք: Ավազա՞կ մեծ ճամփից: Ինքնասպա՞ն: Գայթակղեցնո՞ղ: Ավերո՞ղ: Ես սկսեցի շրջվել, որպեսզի տեսնեմ նրան… Կամուրջը շուռ է գալիս: Չհասցրի շուռ գալ, երբ փլվեցի: Ես փլվեցի և պատառոտվեցի և ծակծվեցի քարաբեկորներով, որոնք ինչպես միշտ ինձ էին նայում խաղացող ջրից:

Վերլուծություն

Ստեղծագործության մեջ կամուրջը պարզապես բերված է որպես օրինակ, բայց նմանատիպ դեպքերը կապված են մարդկանց հետ։ Մարդիկ հանգիստ, խաղաղ կապրեն իրենց կյանը, եթե այլոք գան և պարզապես ընդունեն որպես մարդ, շբվեն, ընկերանան և պահպանեն մարդկային հարաբերություններ, տվյալ օրինակը ստեղծագործության մեջ արտահայտվում է նրանով, որ կամուրջն ասում է իրեն վսահողներին և իր վրայով անցնողներին կօգնի, որպիսի նրանք հանգիստ անցնեն։ Սակայն կա նաև հակառակը․ երբ կամուրջը պատրաստ է ճոճորվել, եթե նրան չօգտագործեն ճիշտ եղանակով, այսինքն ճոճորվեն, վազեն և ցատկոտն։ Այդ դեպքում կամուրջը կճոճվի, կպոկվի և մարդիկ կընկնեն նրա վրայից։ Այդպես է նաև կյանքում։ Եթե մեկը մյուսին շահագործի, նվաստացինի, ապա այդ մարդն էլ չի լռի և կտա համարժեք պատասխան ինչպես կամուրջը։

Posted in Գրականություն 9

Օշո «Պայքար առանց կատաղության»

Այս դեպքը եղել է մեծ իսլամական խալիֆ Օմարի ժամանակ: Նա պայքարում էր իր թշնամու դեմ մոտ 30 տարի: Թշնամին հզոր էր, և պայքարը տևեց մի ամբողջ կյանք: Վերջապես եկավ բարենպաստ պահը. թշնամին ընկավ ձիուց, Օմարը ծնկեց թշնամու վրա՝ նիզակը ձեռքին: Մի վայրկյան, և նիզակը կմխրճվեր թշնամու կուրծքը, և ամնե ինչ կավարտվեր: Բայց այդ պահին ահա թե ինչ կատարվեց. թշնամին թքեց Օմարի դեմքին, և նիզակը օդի մեջ քարացավ:

Օմարը ձեռքով մաքրեց դեմքը, ոտքի կանգնեց և ասաց.
— Վաղը մենք ամեն ինչ նորից կսկսենք:
Թշնամին ապշահար էր:
— Ի՞նչ պատահեց,-հարցրեց նա:- Ես 30 տարի այսպիսի պահի եմ սպասել, հուսալով, որ մի օր նիզակս կուրծքդ կխրեմ, և ամեն ինչ կվերջանա: Իմ բախտն այդպես էլ չբերեց, բայց քոնն ահա բերել է: Մի վայկյանում դու կարող էիր ամեն ինչ վերջացնել: Ի՞նչ եղավ քեզ:

Օմարը պատախանեց.
— Մեր պատերազմը սովորական պատերազմ չի եղել: Ես երդվել էի, որ պայքարելու եմ առանց ներքին զայրույթի: 30 տարվա ընթացքում ես պայքարել եմ առանց բարկության: Իսկ հիմա մեջս կատաղություն բարձրացավ: Երբ դու դեմքիս թքեցիր, հանկարծ այս ամենը անձնային դարձավ: Ես ցանկացա քեզ սպանել. դա իմ Եսից եկող ցանկություն էր: Մինչև այս պահը, 30 տարիների ընթացքում, երբեք այդպիսի խնդիր չեմ ունեցել: Մեր պայքարի պատճառն այլ էր: Դու իմ թշնամին չես եղել. մեր կռիվը երբեք անձնային չի եղել: Ես չեմ ցանկացել քեզ սպանել , ես ուզել եմ գործը հաղթական ավարտի հասցնել: Իսկ հիմա մի պահ ես մոռացա իմ խնդիրը. դու դարձար իմ թշնամին, և ես ցանկացա ոչնչացնել քեզ: Ահա թե ինչու ես չեմ կարող քեզ սպանել: Մի խոսքով, վաղվանից նորից սկսում ենք:

Բայց պատերազմն այդպես էլ չվերսկսվեց: Թշնամին այլևս նույնը չէր:
— Սովորեցրու ինձ: Դարձիր իմ ուսուցիչը և հնարավորություն տուր ինձ աշակերտելու քեզ: Ես էլ եմ ուզում կռվել առանց զայրույթի:

Իսկ գաղտնիքը սա է. պայքարեք՝ մի կողմ թողնելով ձեր Եսը: Եվ եթե դուք կարողանաք կռիվ տալ առանց ներքին կատաղության, ուրեմն դուք ամեն ինչ անանձնային կարող եք անել, քանի որ բախումը ամենաշատն է շոշափում մարդու Եսը: Եթե դուք դա անեք, դուք կդառնաք ամենակարող:

Բայց հիմա դուք չեք կարողանում մինչև անգամ անանձնական սիրով սիրել:

Վերլուծություն

Ես ստեղծագործությունը հասկացա այնպես, որ եթե մեկին վիճակվել է դառնալ երկրի գեկավար, ապա նա երկիրը կառավարելուց, թշնամիների դեմ պատերազմներ մղելուց պետք է գործի առանց սեփական եսի և շահի, այլ որպես երկրի առաջնորդ։
Ցավոք սրտի այն ժամանակաշրջանում, որում հիմա մենք ենք ապրում գրեթե չկա այնպիսի երկիր ում առաջնորդը իր անձնական շահի և ցասումի մասին չմտածի։
Խալիֆ Օմարը պետք է օրինակ ծառայի յուրաքանչյու առաջնորդի համար։ Ստեղծագործության մեջ նույնիսկ իր թշնամին էր խորհուրդ հարցնում, որը փաստում է այն, որ  Օմարը երկրի առաջնորդի հազվադեպ հանդիպող օրինակ էր։

Posted in Պատումներ, Գրականություն 9

Գրականության ստուգատես․ 2021

Այսօր՝ հունիսի 15-ին, տեղի ունեցավ 9-7 դասարանի գրականության ստուգատեսը։ Ստուգատեսին բոլոր սովորողները ներկայացել էին պատրաստ։ Ստուգատեսի ընթացքում ներկայացրեցինք մեր ողջ տարվա ընթացքում գրականությունից կատարած աշխատանքները։
Ստուգատեսին ներկա էին միջին և ավագ դպրոցի գրականության ուսուցիչները, ովքեր սովորողներին ուղղում էին հարցեր՝ իրենց կատարած աշխատանքների վերաբերյալ։
Մենք ներկայացրինք և՛ արևելյան, և՛ արևմտյան, և՛ արտասահմանյան գրականությունից կատարած աշխատանքները, և յուրաքանչյուր գրականությունից, ավելի մանրամասն ներկայացրեցինք մեր սիրելի գրողներն։ Ներկայացրեցինք նաև գրաբարը, մեր կատարած թարգմանությունները, ձայնանյութերը և մնացյալ այլ նախագծերը, որոնք կատարել էինք տարվա ընթացքում։
Միջավայրը շատ ջերմ էր, չկար կաշկանդվելու և վախենալու առիթ։ Դրա շնորհիվ մենք ազատ կերպով ներկայացանք մեր գրականության ստուգատեսին։

Իմ գրականության ստուգատեսը։