Ըստ Սենեկայի՝ մարդը քանի դեռ ողջ է, երբեք չպետք է կորցնի հավատը:
Կարծում եմ, որ հավատը գիտի՝ ինչպես մարդուն ապրեցնել։ Մարդիկ մի փոքր անհաջողությունից հետո սկսում են մտափոխվել, որոշում են չշարունակել իրենց բռնած ուղին և սկսում են մտածել ավելի հեշտ տրվողի մասին, սակայն հավատը մտափոխվելու հակառակ կողմն է, երբ մարդ շարունակում է ձգտել, պայքարել՝ չծնկելով ոչ մի խնդրի առաջ։
Ես ունեմ երազանք, և ես հավատում եմ, որ այն կիրականանա։ Սակայն տեսակով այնպիսի մարդ եմ, որ երբեք ինչ-որ մեկի մոտ չեմ խոսի իմ ծրագրերից, որովհետև սիրում եմ, երբ մարդիկ տեսնում են ինձ այն ժամանակ, երբ արդեն հասել եմ իմ նպատակակետին։
Երազանքը սերտ կապ ունի հավատի հետ։ Մարդ կարող է երազել մի բանի մասին, սակայն քայլեր չձեռնարկել դրան հասնելու համար, սակայն երբ նրա ներսում լինի հավատ իր անձի հանդեպ, ապա դժվար թե լինի այնպիսի բան, որը կկանգնի նրա ճանապարհին։
Իսկ եթե դուրս գամ իմ երազանքից և հավատին նայեմ ոչ որպես անհատ, ապա իմ ամբողջ հավատը զետեղված է մի տեղում։ Հավատում եմ, որ այլևս երբեք չեմ լսի «Պատերազմ է սկսվել» արտահայտությունը։ Այո՛, որքան էլ տարօրինակ թվա, բայց ես հավատում եմ մարդկությանը, հավատում եմ, որ կսկսեն լինել ավելի բանական, և երկրների միջև տեղի ունեցած անհամատեղությունները պատերազմների փոխարեն կլուծվեն բանակցությունների ճանապարհով…