Posted in Պատումներ

Ձմեռային ճամբար (առաջին շաբաթ) 

Այսօր՝ հունվարի 14-ին, ամփոփեցինք սեբաստացիների կողմից ուստարվա ամենասիրված ժամանակահատվածներից մեկի առաջին շաբաթը։ Ինչպես գիտենք, ձմեռային արձակուրդներից հետո կրթահամալիրում սկսվում է ձմեռային ճամբարը, որի ընթացքում որոշ չափով կտրվում ենք առօրյա դասերից և կենտրոնանում ենք նախագծերի, խմբային աշխատանքների ու խաղերի, քննարկումների, ինչպես նաև ճամփորդությունների վրա։ Ճամբարի ընթացքում ոչ միայն ձեռք ենք բերում նոր ընկերներ, այլ նաև ավելի ենք մտերմանում արդեն իսկ ծանոթ ընկերների հետ։
Այս տարի իմ երկրորդ տարին էր ձմեռային ճամբարի իսպանախոսների խմբում։ Ուրախ եմ, որ գտնվում եմ հենց այդ ջոկատում, որովհետև և՛ ուսուցչուհին, և՛ երեխաները ապահովում են ուրախ, հետաքրքիր, ուսուցողական միջավարը։
Առաջին շաբաթն անցավ շատ հագեցած։ Օրինակ գիտե՞ք՝ ինչպես է կոչվում գերմանական դաշնային բանկը։ Այս և նմանատիպ շատ հարցերի պատասխաններ ստացանք դեսից-դենից խաղի շրջանակներում։ Դասական գրականությունը և ճիշտ խոսքը նույնպես անպակաս էին մեր առօրյայից։ Դե իհարկե, եթե գտնվում էինք իսպանախոսների խմբում, ապա չէինք կարող չանդրադառնալ իսպանական գրականությանը, ավելի կոնկրետ Դոն Կիխոտին։ 

Չեմ կարող պատկերացնել մեր ճամբարն առանց քննարկումների։ Ունեցել ենք տարբեր թեմաներով քննարկումներ, որոնցից են «Կյանքը վիրտուալ ցուցամոլություն» թեման։ Ընթացքին ավելի մանրամասն ծանոթանալու համար, կարող եք մտնել հետևյալ հղումով։ Ռաֆայել Դիեստեի «Ինքնասպան տղա» ստեղծագործությունը ևս եղավ մեր քննարկման թեմաներից մեկը։ Այնուհետև գրականությունից անցանք կինոարվեստին։ Դիտեցինք «Café solo» կարճամետրաժ իսպանական ֆիլմը, որը ոչ միայն դարձավ քննարկման թեմա, այլև իսպաներենը զարգացնելու առիթ։
Ձմեռային ճամբարի առաջին շաբաթվա ընթացքում նաև ունեցանք այցելություն դեպի սահադաշտ։ Սահադաշտ հասնելու ճանապարհին մեր միջև ծավալվեց շատ հետաքրքիր խոսակցություններ, որը նպաստեց միմյանց ավելի լավ ճանաչելուն։ Իսկ արդեն սահադաշտում, միմյանց օգնելով, զրուցելով և կատակներ անելով, անցկացրեցինք ժամանակը։ Սահադաշտում, ընկերական միջավայով շրջապատված, ժամանակը շատ հետաքրքիր է անցնում։

Դե իսկ արդեն շաբաթն ամփոփեցինք 9-րդ դասարանցիների մեդիա ուրբաթին մասնակցելով։