Posted in Հայոց լեզվի քերականություն 10

Տեքստային աշխատանք

Փոքրասիական Եփեսոս քաղաքում պաշտում էին մայրության և արգասաբերության աստվածուհուն` Արտեմիսին, ներբողում նրա շնորհներն ու զարմանահրաշ գեղեցկությունը։ Ի պատիվ սիրելի աստվածուհու՝ եփեսոսցիները որոշեցին կառուցել մի այնպիսի տաճար, որի նմանը չի եղել աշխարհում։ Հարյուր քսան տարի տևեց նրբագեղ տաճարի շինարարությունը։ Կառույցը ապշեցնում էր շքեղությամբ, շրջապատված էր բարձրաքանդակ մույթերով, ժանեկազարդ խոյակներով։ Որմնաքանդակները Արտեմիսին ներկայացնում էին իր ամբողջ պերճանքով. նա զարդարված էր բնական քարերով, հակինթով, սուտակով, շափյուղայով, իսկ աչքերը խոշոր ադամանդներ էին, որոնք շողարձակում էին նաև ականակիտ խավարում։ Եփեսոսի բնակիչները հպարտանում էին Արտեմիսի՝ դարերի համար կառուցված տաճարով և քաղաք մտած օտարերկրացիներին այնտեղ առաջնորդում՝ տեսնելու հրաշակերտ շինությունը ապշելու մարդկային հանճարով՝ ամենաստեղծ ու խորաթափանց։

Posted in Իմ գրադարանը

Պաուլու Կոելյու «Պիեդրա գետի ափին նստեցի ու լաց եղա»

Բովանդակություն

Պիլարի սիրո պատմության հիմքում Աստծու կանացի դեմքի բացահայտումն է։ «Ով սիրում է, տերն է աշխարհի ու չի վախենում կորցնելուց։ Ճշմարիտ սերն անմնացորդ նվիրումն է»։ Վեպում կարևորվում է այդ նվիրման կարևորությունը։ Պիլարն ու նրա ընկերը մտացածին կերպարներ են, բայց խորհրդանշում են այն բազում ներքին հակասությունները, որ ուղեկցում են մեզ Երկրորդ Կեսի որոնումներում։ Վաղ թե ուշ պետք է հաղթահարենք մեր վախերն ու նախապաշարմունքները, քանզի հոգևոր ուղին հարթվում է սիրո հանապազօրյա փորձությամբ։

Գրողի մասին

Պաուլու Կոելյուն համարվում է մեր ժամանակների ամենաազդեցիկ գրողներից մեկը։ Ամբողջ աշխարհում նրա գրքերը վաճառվել են ավելի քան 225.000.000 օրինակով, հրատարակվել 170 երկրում, թարգմանվել 81-ից ավելի լեզուներով։ Հեղինակին համաշխարհային ճանաչում բերեցին նրա երկու գրքերը՝ «Ուխտագնացություն» և «Ալքիմիկոսը»։
Կոելյուն 2002 թվականից Բրազիլիայի գրականության ակադեմիայի անդամ է, 2007-ից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի խաղաղության դեսպան։ 2009թ. գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաշատ թարգմանված միևնույն գրքի հեղինակ («Ալքիմիկոսը»)։

Մեջբերում

  • Սերը լի է ծուղակներով։ Երբ ուզում է ի հայտ գալ, ցուցադրում է իր լույսը և թաքցնում ստվերները, որ առաջանում են այդ լույսից։
  • Գիտեի, որ սերը նման է ամբարդակի. եթե թողնես գեթ մի ճեղք, որտեղից ջուրը կարող է ներս հորդել, քիչ-քիչ կխարխլի պատերը, ու կգա մի պահ, երբ ոչ ոք այլևս չի կարողանա զսպել հոսանքի ուժը։

Կարծիք

Գիրքը շատ հետաքրքիր էր և հեշտ ընթերցվող։ Վեպը սիրո և հավատքի մասին էր։ Նաև սովորեցնում է շատ կարևոր բան. երբ սիրած էակի զգացմունքները փոխադարձ են լինում, ապա չպետք է փոխվել՝ փորձելով նրան ավելի շատ դուր գալ, որովհետև այդպես դառնում ենք անծանոթ սիրած էակին։

Posted in Իմ գրադարանը

Օսկար Ուայլդ «Դորիան Գրեյի դիմանկարը»

Համառոտ բնութագիր

Օսկար Ուայլդը համաշխարհային գրականության ակնառու ներկայացուցիչներից է։ Նրա ստեղծագործություններն իրենց գաղափարական բովանդակությամբ և արծարծած փեմաների խորությամբ եղել և մնում են համաշխարհային գրականության գոհարներից։ Օ. Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» ստեղծագործությունը հեղինակի միակ վեպն է, նրա ստեղծագործությունների գլուխգործոցը։ Վեպում արծարծված են բազմաթիվ հարցեր, որոնք հիմնականում առնչվում են արվեստին, բարոյագիտության և գեղեցիկի փոխադարձ կապին։
Վեպի գլխավոր հերոսը՝ Դորիան Գրեյը, որը հեդոնիզմի հետևորդն էր, դառնում է գեղեցկության և երիտասարդության պաշտամունքի զոհ։

Գրողի մասին

1879 թվականին ավարտել է Օքսֆորդի համալսարանը։ 1882 թվականին շրջել է ԱՄՆ-ի քաղաքներում, հանդես է եկել գեղագիտության վերաբերյալ դասախոսություններով, հրատարակել է (ԱՄՆ-ում) երիտասարդ գրողի խռովարարական տրամադրություններն արտահայտող «Հավատ կամ Բիհիլիստներ» հեղափոխական մելոդրաման և «Պադուայի դքսուհին» չափածո ողբերգությունը։ Վերադարձել է Լոնդոն, աշխատակցել է թերթերին ու հանդեսներին։ Անբարոյականության մեղադրանքով դատապարտվել է երկու տարվա բանտարկության։ 

Մեջբերումներ

  • Հոգի և մարմին, մարմին և հոգի… Ի՞նչ հանելուկ է դա։ Հոգու մեջ թաքնված են կենդանական բնազդներ, իսկ մարմնում զգացվում են շնչավորող պահեր։ Զգացմունքային բռնկումները կարող են նրբանալ, իսկ բանականությունը՝ բթանալ։ Ո՞վ կարող է ասել՝ երբ է լռում մարմինը, և երբ է սկսում խոսել հոգին։ Որքա՜ն մակերեսային են սովորական հոգեբանների անհամոզիչ բնորոշումները։ Եվ, միևնույն ժամանակ, որքա՜ն դժվար է որողել, թե տարբեր դպրոցներից որն է ավելի մոտ ճշմարտությանը. իսկապե՞ս մարդու հոգին լոկ ստվեր է՝ ամփոփված մեղսագործ պատյանի մեջ, ինչպես ենթադրում է Ջորդանո Բրունոն։ Հոգու անջատումը մարմնից նույնքան անհասկանալի հանելուկ է, որքան հոգու և մարմնի միաձուլումը։
  • Որոշ մարդիկ մեծ սիրով ուրիշներին են տալիս այն, ինչ հենց իրենց է անհրաժեշտ։ Ահա թե ինչն եմ ես համարում անսահման մեծահոգություն։
  • Սերն ապրում է կրկնությամբ, իսկ կրկնությունը բաղձանքը դարձնում է արվեստ։ Բացի այդ՝ ամեն անգամ, երբ սիրում ես, սիրում ես առաջին անգամ։ Փոխվում է կրքի առարկան, իսկ կիրքը միշտ մնում է անկրկնելի։ Փոփոխությունը միայն ուժեղացնում է կիրքը։ Կյանքը լավագույն դեպքում մարդուն նվիրում է միայն մի մեծ ակնթարթ, և երջանկության գաղտնիքը հենց այդ մեծ ակնթարթը որքան կարելի է հաճախ վերակենդանացնելն է։
  • Իմանալը ճակատագրական է սիրո համար։ Միայն անհայտությունն է գերում մեզ։ Մշուշի մեջ ամեն ինչ հրաշալի է։
  • Բոլորից շատ արհամարհում եմ լավատեսությունը։ Ինչ վերաբերում է խորտակվելուն, ապա խորտակված կարելի է համարել միայն այն կյանքը, որն իր զարգացման մեջ կանգ է առել։ Մարդկային բնավորություն վերափոխելը, նշանակում է միայն փչացնել այն։
  • Ամեն ինչ կարող է հաճույք դառնալ, եթե սովորություն է։ Բայց մարդ ափսոսու է բաժանվել նույնիսկ ամենավատ սովորությունից։ Եվ թերևս հենց այդ վատ սովորույթների համար ամենից շատ ենք վշտանում։ Դրանք մեր «ես»-ի էական մասն են։

Կարծիք

Վեպը շատ հետաքրքիր էր և ուներ անկանխատեսելի ընթացք։ Ստեղծագործությունից հասկացա այն, որ մարդ, եթե կորցնելու ոչինչ չունենա (այս պարագայում խոսքը արտաքին գեղեցկության մասին է), ապա կսկսի անել այնպիսի բաներ, որոնք անթուլատրելի են, վտանգավոր և լի են վատ հետևանքներով։