Լեզվի ծագման հարցը լուրջ հետաքրքրություն է առաջացնում և գիտական մտքի լուրջ ուշադրությանն է արժանանում 18-րդ դարից սկսած։ Լեզվի ծագման մասին ստեղծվում են տարբեր տեսություններ , որոնք կարելի է բաժանել երկու մասի ՝ կենսաբանական և հասարակական։
Լեզվի ծագման կենսաբանական տեսություններ
Կենսաբանական տեսությունները լեզվի ծագումը կապում են մարդու ձայներ արտահայտելու ֆիզիոլոգիական ունակության հետ։ Կենսաբանական տեսությունները բաժանվում են երկու տեսակի՝
- բնաձայնական տեսություն, ըստ որի լեզուն ծագել է բնության ձայները, հատկապես կենդանիների ձայները նմանակելու միջոցով։ Այսինքն ՝ ըստ այս տեսության՝ առաջին բառերը եղել են հաչել, կչկչալ, մռմռալ և այլն։ Այս տեսության կողմնակիցներ են Լայբնիցը և Հուբոլդտը։ Այս տեսությունը չի կարող համարվել ճիշտ, քանի որ այդպիսի բառերը այնքան էլ շատ չեն լեզվում և ամենակարևոր բառերը չեն մարդու կենցաղի համար։ Բնության մեջ էլ կան այնպիսի առարկաներ օրինակ՝ արև, լուսին, երկինք, քար, որոնք ձայն չեն հանում, համր են, և այս տեսությամբ հնարավոր չէ բացատել, թե ինչպես են այդ առարկաները անվանում ստացել։ Ինչպես նաև նույն բնաձայնական բառերը տարբեր լեզուներում տարբեր ձևով են հնչում, ինչն էլ կախված է տվյալ լեզվի հնչյունական համակարգից։ Օրինակ՝ հայերենում՝ «ծուղրուղու» ռուսերենում «кукареку» և այլն։