Մարդիկ և իրենց աշխարհայացները տարբեր են։ Այսքան ցավի միջով անցնելուց հետո դժվար է մնալ նույն պայքարողն ու լավատեսը։ Սակայն դա դժվար չէր Մանիկ տատի համար։ Ապրելով Տավուշի Արմենասարում՝ շրջապատված գեղատեսիլ բնությամբ ու բարձր սարերով, նրան հաջողվեց տեսնել միայն բարին։
Զրույցի ընթացքում նա խոսում էր շատ սիրալիր, հարգանքով և հոգատարությամբ։ Ինչպես նաև տալիս էր շատ խորը և իմաստուն խորհուրդներ. «Էս հավի բմբուլն էլ գիտի ինքը ծանր ա, բայց որ քամին գալիս ա, էդ վախտ ա մենակ հասկանում, թե ինչքան ա թեթև՝ քամին մի հատ հո ա անում, ըհը՝ ոչ եղել ա, ոչ բան։ Տենց մարդիկ էլ կան, որ կյանքի դժվարությունը չեն տեսել ու մտածում են, թե իրանք ամենազոր են, բայց վերջում եզից կաշին ա մնում, մարդուց էլ՝ մի բարի անուն։», «Մատերիս նայի, 5 ախպեր են, միասին ծնվել են, բայց տես՝ մեկը կոլոտ, մեկը բոյով, էս մեկը չաղ, մեջտեղինը՝ նիհար։ Տեսնո՞ւմ ես, էս ճկույթը չի կարա էն չորս ախպոր գործն անի, բայց որ նա չլինի բուռդ կդատարկվի, սրան խփես, էն չորսի ջանն էլ կցավա, չէ՞։»
Սակայն այս ամբողջ դրականին համատեղ կար նաև բացասական կողմ. լրագրողը շատ էր վատաբանում Երևանը. «Կարևոր մարդը Մանիկն ա, ոչ թե քաղաքից եկածը. իմ գլուխը լրիվ քաղաքի փոշի է. գիտես չէ՞, մեր գլուխը լրիվ թափ են տվել արդեն էս հեռուստատեսությունը, քաղաքականությունը, բանը, դուք փրկված ես, որ այստեղ էդ բաները չկան։» Հասկանալի է, որ մայրաքաղաքը այս ժամանակաշրջանում ծանր վիճակում է, սակայն այդ մասին միայն դժգոհելով, իրավիճակը կվատթարանա։