Posted in Գրականություն 9

Վիլյամ Սարոյան «Այն հեռավոր գիշերը»

Միգամած օր էր, այն օրերից, երբ արթնանում են հին-հին հիշատակներն ու հին երգերը: Ամբողջ օրը ես նստած էի տանը՝ ականջս այդ երգերին: Չորս կողմն ավելի շատ խավար էր, քան լույս, և ես հիշեցի մի երգ, որ ժամանակին երգել էի մի աղջկա համար, ավտոբուսի մեջ: Մենք արդեն սիրում էինք իրար, բայց հենց որ ավտոբուսը հասավ Թոփքիա, նա իջավ, և ես էլ երբեք չտեսա նրան: Գիշերվա կեսին, երբ համբուրեցի նրան, աղջիկն արտասվեց, և ես հիվանդացա սիրո տրտմությամբ: Օգոստոսյան նորահարս գիշեր էր, կյանքումս առաջին անգամ գնում էի Նյու Յորք: Ես հիվանդացա սիրո տրտմությամբ, որովհետև գնում էի իմ ճանապարհով, իսկ նա՝ իր:

Այդ միգամած օրը նստել էի տանը ու միտք էի անում, թե ինչպես է, որ մեկի կյանքն ընթանում է մի ճամփով, մյուսներինը՝ ուրիշ, ամեն մեկն իր ճանապարհով է գնում, և ոմանք մեռնում են կես ճանապարհին: Եթե թեկուզ աշխարհը փոքր լինի, եթե դու այլևս չես տեսնում նրանց , ուրեմն նրանք մեռած են: Եթե նույնիսկ ճամփադ թողած՝ հետ գաս, փնտրես նրանց և գտնես, կգտնես մեռած, որովհետև ինչ ճանապարհով էլ գնաս, միևնույն է, մահը ճանապարհիդ է:
Ավտոբուսը հավաս Թոփքիա, նա իջավ ու կորավ անկյան հետևում, և ես էլ երբեք չտեսա նրան: Շատ ուրիշներին տեսա, շատերը նույնքան լավն էին ու սիրուն, բայց ոչ մեկը նման չէր նրան, ոչ մեկը չուներ նրա թախծալի, անուշ ձայնը, ոչ մեկ չէր արտասվում այնպես, ինչպես նա արտասվեց: Էլ երբեք չի լինի նրա պես տխուր ուրիշը: Էլ երբեք չի լինի այն ամերիկյան գիշերվա պես ուրիշը: Միգուցե նա հիմա առաջվանից ավելի լավն է, բայց էլ երբեք չի լինի այն գիշերվա տրտմության պես ուրիշը, և էլ երբեք նա կամ մի ուրիշը չի արտասվի այդպես, և նրան համբուրած ոչ մի տղամարդ չի հիվանդանա այն գիշերվա սիրո տրտմությամբ: Այդ ամենը մնաց այն ամերիկյան գիշերվա գրկում, որը կորած է և էլ երբեք չի գտնվի: Այդ ամենը մնաց փոքրիկ պատահականություններից հյուսված դարերի խորքում, չնչին, աննշմար պատահականություններ, որոնց կամքով նա նստեց կողքիս, չնչին, աննշմար պատահականություններ, որոնց կամքով նստեցի այնտեղ՝ նրան սպասելու:
Նա եկավ ու նստեց կողքիս, և ես հասկացա, որ այդ բոլոր տարիներին նրան եմ սպասել, բայց երբ Թոփքիայում նա իջավ ավտոբուսից, ես մնացի նստած ու երեք օր հետո արդեն Նյու Յորքում էի:
Ահա և ամենը, եթե մոռանամ, որ ինձանից մի բան դեռևս այնտեղ է՝ ամերիկյան այն հեռավոր տաք գիշերվա գրկում:
Երբ ցերեկվա խավարին փոխարինեց գիշերվա խավարը, ես դրեցի գլխարկս ու դուրս եկա տանից: Մեգ-մշուշի մեջ բռնեցի քաղաքի ճամփան, և սիրտս հավատարիմ, անմռունչ շան պես հետս եկավ:Քաղաքում հանդիպեցի մի քանի մեռյալների, որոնք իմ ընկերներն էին, և ամենասրտակեղեք հեծեծանքից էլ դառն ու մահահունչ ծիծաղը շրթներիս՝ մենք կերանք, խմեցինք, խոսեցինք ու երգեցինք, բայց մտքումս միայն նրա քնքուշ լացն էր, որովհետև փոքրիկ պատահականություններից հյուսված տարիները մեր ճամփաները խաչաձև էին, և իմ խև սիրտը շշնջում էր ինձ, որ մնամ նրա հետ ու չգնամ ոչ մի տեղ, իմ խև սիրտը շշնջում էր, որ գնալու տեղ չունեմ:

Վերլուծություն

Վիլիամ Սարոյանի տվյալ ստեղծագործությունը պատմում է կարճատև ժամանակում սեր գտածների, սակայն նույնքան հեշտ և շուտ այն կորցնողների մասին։
Սիրուն կորցրած տղամարդն այստեղ նկարագրվում է մռայլ, անտրամադիր, մտքերի մեջ խորասուզված։ Երբ մարդ իսկապես սիրահարված է լինում, նա չի կարողանում մտածել ուրիշների կամ ուրիշ բաների մաիսին։
Պատմությունը շատ տխուր էր․․․

Posted in Գրականություն 9

Դինո Բուցատի «Խեղճ երեխա»

Մի զբոսայգում  երեխանրի  խմբերը  պատերազմ են խաղում:
Նրանցից շատերը շիկահեր են, վարդագույն մաշկով, կապույտ աչքերով: Ու քանի որ տղեկները հաճախ բնազդորեն դաժան են լինում,  նրանց անողոք կատակների առարկան հինգ տարեկան մի երեխա է, պստլիկ, լղարիկ, սև մազերով:
Ի վերջո, ցեխակոլոլ, կոտրված խաղալիք-հրացանով, հարթ ու սև մազերով տղեկը ապաստան է գտնում  մոր մոտ:
-Խեղճ երեխա, -բացականչում է մի կին, որը կանգնած է նրա մոր հետ: Ու շոյում է նրան:
Երեխան վեր է հառում աչքերը՝ երախտապարտ,  փորձում է ժպտալ: Ու լուսավոր մի շող, լոկ մի պահ, անցնում է նրա դժգույն դեմքի վրայով:
Ամբողջ դառը մենակությունը  փխրուն, անմեղ, նվաստացած ու պաշտպանվող էակի. մի քիչ սփոփանքի հուսահատ ցանկությունը. մաքուր, ցավագին ու գեղեցիկ զգացմունք, որն անհնար էր  բառերով արտահայտել:
Մի վայրկյանով,-ու դա եղավ վերջին անգամը,-նա դարձավ մեղմ, քնքուշ ու տառապող երեխա, որը չէր հասկանում, թե ինչու, ու իրեն շրջապատող աշխարհից մի քիչ լավ բան   էր  խնդրում:
Բայց դա մի պահ եղավ միայն:
-Դե արի, Դոլֆի,  շորերդ փոխիր,- բարկացկոտ ասաց մայրն ու նրան  թափով քարշ տվեց  տուն:
Այդժամ, երեխան նորից սկսեց անզուսպ հեկեկալ, նրա դեմքը հանկարծ դարձավ տգեղ, մի անողոք հաստատակամություն ծամածռել էր նրա բերանը:
-Կրակ ու պատիժ են էս էրեխեքը,-բացականչեց մյուս կինը՝հրաժեշտ տալով.
«Ցտեսություն, տիկին Հիտլեր»:

Վերլուծություն

Կյանքում միշտ այդպես է․․․ Միշտ նեղացնում են թույլին, անպաշտպանին, որովհետև գիտեն, որ նա չի կարող հակառակ պատասխան տալ, բայց այդ նույն մարդիկ երբեք չեն համարձակվի իրենցից ուժեղների հետ նույն կերպ վարվել։ Կյանքի դրվածքը սխալ է, մարդկանց միտքը տեղում չէ․․․ Ուժեղները պետք է օգնեն թույլերին հաղթել ամեն պարզ իրավիճակ, որը նրանց համար բարդ է և օգնեն՝ թույլը ևս դառնա նրանից մեկը՝ ուժեղ։
Վերջում ասված «Հիտլերրի» մասին կցանկանայի խոսել։ Կարծում եմ, որ նա այդպես ասաց, որովհետև մայրիկը դաժանորեն երեխային հրեց և տարավ տուն, իսկ մյուս տիկինը այդքան մեղմ բառերով ուզում էր հանգստացնել երեխային, ում դաժանորեն տանջել էին:

Posted in Գրականություն 9

Գարսիա Մարկես «Ինչպես նորոգել աշխարհը»

Մի գիտնական, որ ապրում էր աշխարհի խնդիրներով մտահոգ, վճռել էր գտնել ուղիներ դրանք նվազեցնելու համար: Օրեր էր անցկացնում իր լաբորատորիայում` փնտրելով իրեն հուզող հարցերի պատասխանները:
Մի օր յոթամյա որդին ներխուժեց նրա սրբավայրը և որոշեց օգնել հորն աշխատել: Գիտնականը նյարդայնացած, որ իրեն ընդհատել են, խնդրեց տղային ուրիշ տեղ խաղալ: Տեսնելով, որ անհնար է նրան դուրս հրավիրել, հայրը մտածեց մի բանով շեղել որդու ուշադրությունը: Պատահաբար գտավ մի ամսագիր` աշխարհի քարտեզի պատկերով. այն է, ինչ անհրաժեշտ էր:
Մկրատով կտրտեց քարտեզը տարբեր մասերի և կպչուն ժապավենի հետ միասին հանձնեց որդուն` ասելով.
– Քանի որ սիրում ես գլուխկոտրուկներ, քեզ կտամ աշխարհը բոլորովին կոտրված, որ այն նորոգես առանց որևէ մեկի օգնության:
Հաշվարկեց, որ փոքրիկից կպահանջվի տասը օր` քարտեզն ի մի բերելու համար, սակայն այդպես չեղավ: Մի քանի ժամ անց նա լսեց երեխայի ձայնը, որ հանգիստ կանչում էր.
– Հայրի՜կ, հայրի՜կ, ամեն ինչ արեցի, ավարտեցի:
Սկզբում հայրը չհավատաց: Մտածեց, որ անհնար է նրա տարիքում վերստանալ ամբողջական մի քարտեզ, որը նախկինում երբեք չի տեսել: Կասկածամիտ, հայացքը բարձրացրեց գրառումներից այն վստահությամբ, որ կտեսնի երեխայի տարիքին համապատասխան աշխատանք. քարտեզն ավարտուն էր: Բոլոր կտորները տեղադրված էին իրենց համապատասխան տեղերում: Ինչպե՞ս էր հնարավոր: Ինչպե՞ս էր երեխան կարողացել: Զարմանքով հարցրեց որդուն.
– Որդյա՛կս, դու չգիտեիր ինչպիսի՞ն է աշխարհը, ինչպե՞ս ես արել:
– Հայրի՛կ, պատասխանեց որդին,- Ես չգիտեի, թե ինչպիսին է աշխարհը, բայց երբ դու հանեցիր ամսագրից քարտեզը, այն կտրտելու համար, տեսա, որ մյուս կողմում մարդ է պատկերված: Այնպես որ, շրջեցի կտորներն ու սկսեցի «հավաքել» այդ մարդուն, որ, այո´, գիտեի թե ինչպիսին էր:
– Երբ ես վերականգնեցի մարդուն, շրջեցի թուղթը և տեսա, որ վերականգնել եմ աշխարհը:

Վերլուծություն

Տպավորությունները շատ են, կապված այս տեքստի հետ։ Երեխան, չիմանալով՝ ինչ է աշխարհը, հավաքում է մարդուն, և իսկապես այդպես է։ Մարդիկ քանդված են, այդ պատճառով աշխարհը բաժանվել է մասերի և խառնվել։ Իսկ ի՞նչ կլիներ, եթե հայրը թուղթը մասերի չբաժաներ։ Մարդիկ կլինեին պարի, հավասարակշիռ, գիտակից և խոսելուց առաջ միշտ կմտածեին, այդ դեպքում նաև աշխարը խառնված չէր լինի; Չէին լինի պատերազմներ, խնդիրներ երկրների և մարդկանց միջև։
Ստեղծագործության մեջ կարևոր էր նաև երեխայի կերպարը, թե ինչու է հենց նա հավաքում մարդու և աշխարհի պատկերը։ Հավաքողը երեխան էր, որովհետև ապագան նրանք են, և եթե մանուկները լինեն կշռադատված, խելացի և գիտակից, ապա աշխարհը կգնա դեպի լիարժեքության և չեն լինի կտորներ։

Posted in Գրականություն 9

Հերման Հեսսե «Ծառերը»

Ծառերն ինձ համար միշտ եղել են ամենահամառ քարոզիչները։ Ես հարգում եմ նրանց, երբ նրանք ամպերի մեջ և ընտանիքում են ապրում, անտառներում, պուրակներում։ Եվ էլ ավելի հարգում եմ ես նրանց, երբ նրանք առանձին են վեր հառնում։ Նրանք նման են միայնակներին։ Ոչ որպես ճգնավորներ, որոնք ինչ-որ ծանրությունից կոտրվել են, այլ ինչպես մեծ, մեկուսացած մարդիկ, ինչպես Բեթհովենը և Նիցշեն։ Նրանց կատարներին սոսափում է աշխարհը, նրանց արմատները հանգստանում են անվերջության մեջ։ Լինելով մենակ՝ նրանք իրենց չեն կորցնում, այլ կյանքի ողջ ուժով ձգտում են միայն մի բանի՝ իրագործել սեփական, իրենց մեջ բնակվող օրենքը, իրենցից ինչ-որ բան ներկայացնել։
Ոչինչ ավելի սրբազան, ոչինչ ավելի օրինակելի չէ, քան գեղեցիկ, հաստաբուն ծառը։ Երբ ծառը կտրված, հատված է լինում և իր մերկ, մահացու վերքը արևին է ցույց տալիս, այդ ժամանակ կարելի է կոճղի և դամբանի լուսավոր հատույթի վրա նրա ամբողջ պատմությունը կարդալ. տարիների օղակների և սերտաճվածության մեջ ճշգրիտ գրված են նրանց ողջ պայքարը, ողջ տառապանքը, ողջ հիվանդությունը, ողջ երջանկությունն ու դառնությունը, նեղ տարիներն ու փարթամ տարիները, դիմադրված հարձակումներն ու հարմար ժամանակի սպասող փոթորիկները։
Եվ յուրաքանչյուր գյուղացի տղա գիտի, որ ամենաամուր և ազնիվ փայտն ամենանեղ օղակներն ունի և որ բարձր լեռների վրա ու հավերժական վտանգի մեջ աճում են ամենաանկոտրում, ամենաեռանդուն և ամենաօրինակելի բներ ունեցող ծառերը։
Ծառերը սրբազան կերտվածքներ են։ Ով նրանց հետ խոսել, ով նրանց լսել գիտի, նա գիտի Ճշմարտությունը։ Նրանք չեն քարոզում ուսմունքներ և բաղադրատոմսեր, նրանք քարոզում են կյանքի պարզունակ, նախասկզբնական օրենքը։
Ծառն ասում է.
-Իմ մեջ է թաքնված կորիզը, կայծը, միտքը, ես կյանք եմ հավերժական կյանքից։
Միանգամյա է այն փորձը և թռիչքը, որ հավերժական Մայրը համարձակվել է շնորհել ինձ, միանգամյա է իմ կերպարանքը և ջղերը իմ մաշկի, միանգամյա է ամենափոքր տերևի խաղը իմ կատարի և ամենափոքր սպին իմ կեղևի։ Իմ ծառայությունն է՝ ձևավորել և ցույց տալ Միանգամյայի մեջ դրոշմված Հավերժականը։
Ծառն ասում է.
-Իմ ուժը հավատն է։ Ես ոչինչ չգիտեմ իմ հայրերի մասին, ես ոչինչ չգիտեմ այն հազարավոր մանուկների մասին, որ ամեն տարի ինձնից են ծնվում։ Ես ապրում եմ մինչև վերջը իմ սերմերի առեղծվածի և այլևս ոչինչ ինձ չի մտահոգում։ Ես հավատում եմ, որ Աստված իմ մեջ է։ Ես հավատում եմ, որ իմ առաջադրանքը սրբազան է։ Այս հավատով եմ ես ապրում։
Երբ մենք վշտացած ենք և այլևս չենք կարողանում հանդուրժել կյանքը, այդ ժամանակ ծառը կարող է մեզ ասել.
-Հանգստացիր, հանգստացիր։ Ինձ նայիր։ Կյանքը հեշտ չէ, կյանքը դժվար չէ։ Դրանք մանկական մտքեր են։ Թող, որ Աստված խոսի քո մեջ, այդպես նրանք բոլորը կլռեն։ Դու վախենում ես, քանի որ քո ճանապարհը տանում է քեզ քո Մորից ու Հայրենիքից։ Բայց յուրաքանչյուր քայլ և օր քեզ ընդառաջ են տանում քո Մորը։ Հայրենիքը այստեղ կամ այնտեղ չէ։ Հայրենիքը քո մեջ է կամ ոչ մի տեղ։
Թափառելու տենչանքը պատռում է իմ սիրտը, երբ ես լսում եմ ծառերին, որ երեկոներին սոսափում են քամուց։ Դուք լուռ ու երկար ականջ եք դնում. այդպես թափառելու ծարավը ցույց է տալիս իր էությունն ու իմաստը։ Դա տառապանքից առաջ հեռու փախչելու ցանկությունը չէ, ինչպես կարող է թվալ։ Այն Հայրենիքի կարոտն է Մոր մասին մտածմունքներից հետո, կյանքի նոր այլաբանությունից հետո…Այն դեպի տուն է ուղղորդում։ Յուրաքանչյուր ճանապարհ դեպի տուն է տանում, յուրաքանչյուր քայլը ծնունդ է, յուրաքանչյուր ծնունդը մահ է, յուրաքանչյուր շիրիմը Մայրն է։
Այսպես է սոսափում ծառը երեկոյան, երբ մենք վախենում ենք մեր սեփական, մանկական մտքերից։ Ծառերը երկար մտքեր ունեն։ Երկարաշունչ և հանգիստ, քանի որ նրանք ավելի երկար կյանք ունեն, քան մենք։ Նրանք ավելի իմաստուն են, քան մենք այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք լսել նրանց։ Բայց երբ մենք սովորենք ծառերին ականջ դնել, այդ ժամանակ մեր մտքերի կարճությունը, մանկականությունն ու արագությունը կստեղծեն հավասարը չունեցող զվարթություն։
Ով սովորի ծառերին ականջ դնել, էլ չի ցանկանա ծառ լինել։ Նա ոչինչ չի ցանկան լինել, բացի հենց ինքը լինելուց։ Դա է Հայրենիքը։ Դա է Երջանկությունը։

Վերլուծություն

Ստեղծագործությունն իր մեջ մեծ խորհուրդ էր պարունակում։ Ինչո՞ւ էր ընտրված հենց ծառը։ Ընտրված էր ծառը, որովհետև ծառերն են, որովհետև նրանք օրենց կյանքի ընթացքում հանդիպում են բազմաթիվ մարդկանց, լինում են բազմաթիվ խոսակցությունների ականատես։ Նաև հաշվի առնենք, որ ծառերը ապրում են շատ երկար, դա խեսում է նրա մասին, որ նրանք ծանոթ են կյանքին երկար տարիներ և ունեն երկար ժամանակ վերլուծելու, ըմբռնելու և ճիշտ որոշում կայացնելու։
Ա՜խ, երանի թե կարողանայինք խեսել ծառերի հետ․․․
Նրանք մեզ կտային ամենաօգտակար, ամենակարևոր և ամենաճիշտ խորհուրդները։

Posted in Գրականություն 9

Դինո Բուցատի «Սիրո դեմ»

Հիմա, երբ նա մեկնել է, ու այլևս չի վերադառնա, անհետացել է, ջնջվել իր կյանքից, ճիշտ այնպես, ասես մեռած լինի, իրեն` Իրենային մնում է միայն զինվել ողջ քաջությամբ, որ որևէ կին կարող է խնդրել Աստծուց, և արմատախիլ անել բոլոր կապերը, որոնցով այդ տարաբախտ սերը կապվել էր իր էությանը: Ինքը միշտ ուժեղ աղջիկ է եղել, այս անգամ էլ չի թուլանա:
Ահա և վերջ: Այնքան էլ սարսափելի չէր, որքան ինքն էր կարծում, ու պակաս երկարատև: Չորս ամիս էլ չի անցել, և ահա ինքը լրիվ ազատ է: Մի քիչ նիհարել է, ավելի գունատվել, ավելի թափանցիկ է դարձել, սակայն ավելի թեթև է զգում իրեն, ապաքինման քաղցր թուլություն է վրան իջել, որի մեջ արդեն բաբախում են նոր, աղոտ պատրանքնրը: Ո՜հ, ինքը կեցցե, հերոսուհի է, կարողացավ ինքն իր հանդեպ անողոք լինել, վճռականորեն վանեց հուշերի բոլոր շողոքորթանքները, որոնց տրվելն այնքա՜ն գայթակղիչ էր:
Ոչնչացնել այն ամենը, ինչ մնում էր նրանից իր մոտ, անգամ մի քորոց, այրել բոլոր նամակներն ու լուսանկարները, դուրս նետել իր հագած բոլոր շորերը, երբ նա իր կողքին էր, որոնց վրա գուցե նրա նետած հայացքները թողել էին մի անշոշափելի հետք, ձերբազատվել այն գրքերից, որ նա էլ էր կարդացել, և որոնց մասին իրենց երկուսի իմացությունը նման էր գաղտնի հանցակցության, վաճառել շանը, որն ամիջապես ճանաչում էր նրան ու վազում նրան ընդառաջ, երբ բացում էր պարտեզի դուռը. խզել կապերը բոլոր այն ընկերների հետ, որոնք ընդհանուր էին իրենց երկուսի համար էլ, մինչև անգամ փոխել տունը, քանզի այս բուխարու գոգին մի երեկո նա արմունկով հենվել էր, քանզի մի առավոտ այդ դուռը բացվեց ու հայտնվեց նա, քանզի դռան զանգը շարունակում է նույն կերպ հնչել, ինչպես այն ժամանակ,երբ նա էր զանգը տալիս, ու բոլոր սենյակների մեջ իրեն թվում էր, թե նրա խորհրդավոր հետքերն էին:
Ու նաև վարժվել մտածելու այլ բաների մասին, նետվել մի կլանող գործի մեջ, որից հետո, երեկոյան, երբ վտանգը վերստին արթնանար գաղտագողի, անհաղթահարելի քունը իրեն զգետներ. ճանաչել նոր մարդկանց, հաճախել նոր միջավայրեր, փոխել նաև մազերի գույնը:
Այդ ամենն իրեն հաջողվել էր անել, հուսահատ վճռականությամբ, չթողնելով ոչ մի բաց անկյուն, ոչ մի ճեղք, որոնցից հիշողությունը կարողանար սպրդել: Ինքն արել էր դա: Եվ… ապաքինվել:
Հիմա առավոտ է, մի գեղեցիկ կապույտ զգեստով, որ իր դերձակը քիչ առաջ էր ուղարկել, Իրենեն պատրաստվում է դուրս գալ տնից: Դրսում արև է: Նա իրեն զգում է առողջ, երիտասարդ, ներսում՝ լրիվ լվացված, թարմ, ինչպես տասնվեց տարեկան հասակում: Երջանի՞կ: Գրեթե:
Բայց ահա, հարևան տնից երաժշտության ելևէջներ են լսվում: Ինչ-որ մեկը միացրել էր ռադիոն, կամ էլ գրամոֆոնը, ու բաց թողել լուսամուտը: Բաց թողել ու փակել անմիջապես:
Դա բավական եղավ: Վեց-յոթ նոտա, ոչ ավել, մի հին մեղեդու, իր սիրած երգը: Դե՜հ, վե՛րջ տուր Իրենե, էդ ստից բանի համար չկորցնե՛ս քեզ, վազի՛ր աշխատավայրդ, կանգ մի՛ առ, ծիծաղի՛ր:
Բայց մի սոսկալի դատարկություն արդեն գոյացել էր իր ներսում, անտակ մի անդունդ: Ամիսներ շարունակ, սերը` այդ տարօրինակ դատավճիռը, քնած էր ձևացել` մոլորեցնելով Իրենեին: Ու հիմա, չնչին մի բան բավական եղավ, որպեսզի նորից արթնանար:
Դրսում անցնում են մեքենաները, մարդիկ ապրում են, ոչ ոք չգիտե մի կնոջ մասին, ով իր տան հատակին մեկնված, որպես մի պատժված երեխա, փչացնելով իր նոր շրջազգեստը, արտասվում է դառնագին:
Նա հեռու է, այլևս երբեք չի վերադառնա, ամեն ինչ անօգուտ եղավ:

Վերլուծություն

Պատմվածքում ներկայացվում է իրական սեր, չենք կարող ասել, որ այն միակողմանի էր, որովհետև չենք ծանոթացել տղայի հոգեվիճակի և մտքերի հետ։ Իսկ եթե խոսենք միայն աղջկա մասին, ապա կարող եմ ասել, որ նա իսկապես սիրահարված էր․ Նա կարծում էր, որ եթե ազատվի այն ամենից ինչը կապված էր սիրելիի հետ, ապա կկարողանա մոռանալ նրան, սակայն նա չէր հասկանում, որ ամենաշատը նրան սիրելիի մասին հիշեցնելո էր ոչ թե շունը, տուն, զգեստը, այլ իր իսկ մտքերը, հիշողություններ և սրտում մնացած զգացմունքները։
Նա ազատվում էր շնից, որը հիշեցնում էր տղային, սակայն նա չէր գիտակցում, որ ոչ թե շունն է հիշեցնում, այլ իր միտքը, և նույնիսկ եթե նա ազատվի շնից միտքը մեկ է, հիշելու է թե՛ շան մասին, թե՛ սիրելիի։
Կարծում եմ՝ նման դեպքերում պետք է պարզապես ընդունել ներկան և գիտակցել, որ կյանքը շարունակվում է։

Posted in Գրականություն 9

Վիլյամ Սարոյան «Քո կյանքի ժամերը» /հատված/

Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ այդ քաղցր ժամերին ո՛չ քեզ, ո՛չ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը: Ամենուրեք փնտրիր բարի՛ն ու հենց հայտնաբերես, հանի՛ր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից:
Աչքի լույսի պես պահի՛ր, փայփայի՛ր մարդկայնության ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև այն
անցավոր է:
Ամեն ինչի մեջ գտի՛ր լուսավորը, գտի՛ր այն, ինչ չի կարող արատավորվել: Եթե մեկնումեկի սրտում առաքինությունը պահ է մտել ահով ու կսկիծով` արար աշխարհի ծաղր ու ծանակից մազապուրծ եղած, քաջալերի՛ր նրան:
Մի՛ խաբվիր արտաքին տպավորությամբ, որովհետև դա վայել չէ պայծառատես աչք ու բարի սիրտ ունեցողին: Ոչ մեկին մի՛ ենթարկվիր, բայց և ոչ մեկին էլ քեզ մի՛ ենթարկիր: Հիշի՛ր, որ ամեն մարդ քո նմանակն է: Ամեն մեկի մեղքը նաև քո մեղքն է, և բոլոր անմեղներն իրենց անմեղությունը կիսում են քեզ հետ:
Արհամարի՛ր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ չար ու անազնիվ մարդկանց. հասկացի՛ր սա: Մի՛ ամաչիր բարի ու քնքուշ լինել…
Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը:

Վերլուծություն

Սկզբում՝ երբ ընթերցել էի միայ մերնագիրը, արդեն հասկացել էի, որ գեղեցիկ ստեղծագործություն է և չէի սխալվում։ Համամիտ եմ յուրաքանչյուր մտքի հետ։ Իսկապես, երբ մտածում ես, հասկանում ես, որ ունես կյանքի ժամեր, որոնք անխնա վատնում ես։ Իսկ եթե մեզանից յուրաքանչյուրը գիտակցեր և գնահատեր իր ժամերը, այդ դեպքում ինչպիսի՞ն կլիներ կյանքը։ Այդ ժամանակ կյանքը կլիներ հիասքանչ, որովհետև ոչ ոք ժամանակ չէր ունենա բանբասանքի, չարախոսության և քննադատության։

Posted in Գրականություն 9

Կարել Չապեկ «Փոքրիկ առակներ»

Աքաղաղ
Չի լուսանում: Ես դեռ ազդանշան չեմ տվել:

Ճնճղուկ
Մեծ բան է՝ սոխա՜կ: Մենք, ճնճղուկներս, ավելի շատ ենք:

Ծածան
Ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել՝ խորասուզված օդում:

Էշ
Թո՛ւհ: Այսպիսի լուրջ պահ, և կեռասենին առանց քաշվելու ծաղկում է իր համար:

Փտում
Ես էլ եմ քայլում ժամանակի հետ:

Դիկտատոր
Ես հասա համախոհության: Բոլորը պետք է հնազանդվեն:

Բռնակալ
Էյ դո՜ւք, տականքնե՛ր: Ես ձեզանից փառապանծ ազգ ստեղծեցի:

Քննադատ
Ինչո՞ւ պետք է իմանամ, թե աշխարհն ինչպիսին է: Բավական է որ գիտեմ, թե նա ինչպիսին պետք է լինի:

Ճանճը պատուհանի ապակուն
Այժմ ես գիտեմ, թե որտեղ է կեցության սահմանը:

Հոռետես
Ձեր կարծիքով գարունը կգա՞: Սիրելիս, դուք լավատես եք:

Պատգամ
Ինչ որ չես կարող անել ինքդ, հրամայիր ուրիշին:

Բռնակալ և փիլիսոփաներ
Ես կգործեմ, իսկ դուք կսկսեք իմ գործողությունների համար հիմունքներ որոնել:

Խոզ և մարգարիտ
Բը՜ռռ: Այս ի՞նչ են լցրել իմ կեղտաջրի մեջ: Սա ի՞նչ խոզություն է:

Գաղութացում
Իսկ հիմա հայրաբար հոգանք նրանց մասին, ովքեր ողջ են մնացել:

Թերթեր
Ճշմարտությունը լոկ այն է, որը ծառայում է մեր կուսակցության շահերին:

Խմբագրությունում
Այստեղ ահա հաղորդագրություն է ստացվել, որ միջոց է գտնված գեղձուռուցքի ժանտախտի դեմ: Դուք չգիտե՞ք՝ մեր կուսակցությունը ժանտախտի կո՞ղմ է, թե դեմ:

Ցիկլոն
Երկրի երեսից ջնջված է հիսուն քաղաք: Ինչպիսի՜ ցնցող հաջողություն:

Գայլ
Այս խոյը զզվելի դիտավորություն ուներ՝ ուզում էր թաքնվել ինձանից:

Ոչխարի հոտ
Այս գայլն ավելի շուտ կկշտանա, եթե նրան չդիմադրես:

Վերլուծություն

Առկները փոքրիկ էին, բայց իմաստալից։ Դրանք պատմում էին այնպիսի մարդկանց մասին, ովքեր մտածում են, որ ամենակարևորը իրենք են, մեծամասնությունը ամեն դեպքում միշտ ճիշտ է, իրենց միշտ ամենաառջևում են։ Այդպիսի մադիկ նույնիսկ չեն նկատում գեղեցիկը, բարին, այլ միայն հակված են տեսնել վատը, չարը և իհարկե բարձրաձայնել այդ մասին։
Ինքս չեմ սիրում շփում և կապ ունենալ գոռոզ, մեծամիտ մարդկանց հետ, որովհետև նման մարդիկ սիրում են ծաղրել, ծիծաղել ուրիշների վրա և կարծում են, որ այդ ամենի շնորհիվ բարձրացնում են իրենց անունը և դառնում են ավելի լավը։

Posted in Գրականություն 9

Դմիտրի Լիխաչով «Նամակներ բարու և գեղեցիկի մասին»

Շատերը կարծում են, թե ինտելիգենտ մարդը նա է, ով շատ է կարդացել, ստացել լավ կրթություն (այն էլ` գերազանցապես հումանիտար), շատ է ճամփորդել, գիտի մի քանի լեզու:
Մինչդեռ` կարելի է ունենալ այս ամենն ու չլինել ինտելիգենտ, և կարելի է այս ամենին չտիրապետելով, մեծ առումով, այնուամենայնիվ, լինել ներքնապես ինտելիգենտ:
Ինտելիգենտությունը ոչ միայն գիտելիքների, այլև ուրիշին հասկանալու ունակության մեջ է: Այն դրսևորվում է հազար ու մի մանրուքի մեջ՝ հարգալից վիճելու ունակության, սեղանի շուրջ համեստ վարվեցողության, ուրիշին աննկատ (հենց աննկատ) օգնելու կարողության, բնության հանդեպ փայփայանքի, շրջակայքը չաղտոտելու, չաղտոտելու` աղբով, քնթուկներով, հայհոյանքով, հիմար գաղափարներով. այո, դա նույնպես աղբ է, այն էլ ինչպիսի՜:
Ես ճանաչել եմ ռուսական հյուսիսում գյուղացիների, որոնք իսկապես ինտելիգենտ էին: Նրանք իրենց տներում պահպանում էին զարմանալի մաքրություն, կարողանում էին գնահատել լավ երգերը, կարողանում էին պատմել եղելություններ, որոնք պատահել էին իրենց և ուրիշների հետ, ապրում էին կարգավորված կենցաղով, հյուրասեր էին ու բարյացակամ, հասկանալով էին վերաբերվում ուրիշի ցավին և ուրիշի ուրախությանը:
Ինտելիգենտությունը ունակություն է` ըմբռնելու, ապրումակցելու, այն համբերատար վերաբերմունք է աշխարհի ու մարդկանց հանդեպ։

Վերլուծություն

Ես համամիտ եմ Դմիտրի Լիխաչովի հետ։ Կան մարդիկ, ովքեր կարդում են բազմաթիվ գրքեր, բայց կարդում են միայն կարդալու համար, իսկ կան մարդիկ, ովքեր կարդում են շատ հազվադեպ, սակայն կարդում են, որօիսի նոր գիտելիքներ ձերք բերեն, ունենան մտքի առաջընթաց և զարգացած խոսք։ Նույնը կարող եմ ասել նաև ճամփորդելու մասին։ Կան մարդիկ, ովքեր ունեն մեծ գումարներ և ամեն ամիս ճամփորդում են, սակայն ճամփորդում են համացանցում նոր հրապարակումներ ունենալու համար։ Բայց կա մարդկանց մեկ այլ տեսակ, ովքեր ճամփորդում են մի քանի տարին մեկ և դա անում են այլ երկրների մշակույթին, ազգային արժեքներին, քաղաքներին ծանոթանալու համար։
Իհա՛րկե, ըստ իս ինտելիգենտ են այնպիսի մարդիկ, ինչպիսիք նշվում էին տեքստի մեջ։

Posted in Գրականություն 9

Պետրոս Դուրյան

Կենսագրություն

Բանաստեղծ Պետրոս Դուրյանի ստեղծագործություններն իրենց գաղափարական բովանդակությամբ նորություն էին արևմտահայ իրականության մեջ: Նա հայ նոր գրականության առաջին խոշոր  սիրերգակն է: Դուրյանի պոեզիան առանձնանում է ինքնատիպությամբ, պատկերավոր մտածողությամբ ու խոր  հուզականությամբ: Նա կատարելագործել է հայ բանաստեղծական տաղաչափությունը, ռիթմը և պատկերային համակարգը:

«Լճակ»

Ինչո՞ւ ապշած են, լըճա՛կ,

Ու չեն խայտար քու ալյակք,

Միթե հայլվույդ մեջ անձկավ[1]

Գեղուհի մը նայեցավ։

Եվ կամ միթե կըզմայլի՞ն

Ալյակքդ երկնի կապույտին,

Եվ այն ամպոց լուսափթիթ,

Որք նըմանին փրփուրքիդ։

Մելամաղձոտ լըճա՛կդ իմ,

Քեզ հետ ըլլա՛նք մըտերիմ,

Սիրեմ քեզի պես ես ալ

Գրավվիլ, լըռել ու խոկալ։

Որքան ունիս դու ալի

Ճակատս այնքան խոկ ունի,

Որքան ունիս դու փրփուր՝

Սիրտս այնքան խոց ունի բյուր։

Այլ եթե գոգդ ալ թափին

Բույլքն աստեղաց երկնքին,

Նըմանիլ չես կրնար դուն

Հոգվույս՝ որ է բոց անհուն։

Հոդ աստղերը չեն մեռնիր,

Ծաղիկներն հոդ չեն թոռմիր,

Ամպերը չեն թրջեր հոդ,

Երբ խաղաղ եք դու և օդ,

Լըճա՛կ, դու ես թագուհիս,

Զի թ՝հովե մալ խորշոմիս,

Դարձյալ խորքիդ մեջ խըռով

Զ՝իս կը պահես դողդղալով։

Շատերը զիս մերժեցին,

«Քնար մ՝ունի սոսկ — ըսին.

Մին՝ «դողդոջ է, գույն չունի-»

Մյուսն ալ ըսավ — «Կը մեռնի»։

Ոչ ոք ըսավ — «Հե՜գ տղա,

Արդյոք ինչո՞ւ կը մըխա,

Թերեւս ըլլա գեղանի,

Թե որ սիրեմ չը մեռնի»։

Ոչ ոք ըսավ — «Սա տըղին

Պատռե՛նք սիրտը տըրտմագին,

Նայինք ինչե՜ր գրված կան․․․»

— Հոն հրդեհ կա, ոչ մատյան։

Հոն կա մոխի՜ր․․․ հիշատա՜կ․․․

Ալյակքդ հուզի՚ն թող, լըճա՚կ,

Զի քու խորքիդ մեջ անձկավ

Հուսահատ մը նայեցավ․․․

Հարցարան

1.Ո՞ր հատվածում է Դուրյանն իրեն համեմատում լճակի հետ։

Սիրեմ քեզի պես ես ալ
Գրավվիլ, լըռել ու խոկալ։

Որքան ունիս դու ալի
Ճակատս այնքան խոկ ունի,
Որքան ունիս դու փրփուր՝
Սիրտս այնքան խոց ունի բյուր։

2.Ո՞ր տողերում է ասում, որ լճակն ավելի խաղաղ է, քան ինքը։

Հոդ աստղերը չեն մեռնիր,
Ծաղիկներն հոդ չեն թոռմիր,
Ամպերը չեն թրջեր հոդ,
Երբ խաղաղ եք դու և օդ,

3.Իր անձնական վիրավորվածությունը Դուրյանը ո՞ր տողերում է ցույց տալիս։

Շատերը զիս մերժեցին,
«Քնար մ՝ունի սոսկ — ըսին.
Մին՝ «դողդոջ է, գույն չունի-»
Մյուսն ալ ըսավ — «Կը մեռնի»։

Ոչ ոք ըսավ — «Հե՜գ տղա,
Արդյոք ինչո՞ւ կը մըխա,
Թերեւս ըլլա գեղանի,
Թե որ սիրեմ չը մեռնի»։

Ոչ ոք ըսավ — «Սա տըղին
Պատռե՛նք սիրտը տըրտմագին,
Նայինք ինչե՜ր գրված կան․․․»
— Հոն հրդեհ կա, ոչ մատյան։

4.Ո՞ւմ ի նկատի ունի բանաստեղծը՝ «հուսահատ մը» ասելով։

«Հուսահատ մը» ասելով բանաստեղծը նկատի ուներ ինքն իրեն։

5.Բառարաններից գտիր անձկավ, գեղուհի, խոկալ, խռով բառերի բացատրությունը։

Անձկավ-կարոտած

Խոկալ-մտածել, խորհել

Խռով-մեկից խռոված

Գեղուհի-գեղեցկուհի

6.Քո կարծիքով՝ ինչո՞ւ է բանաստեղծը զրուցում լճակի հետ։

Իմ կարծիքով բանաստեղծը զրուցում է լճակի հետ, որովհետև լճակին նմանեցնում է իրեն։

7.Տեղեկություններ գտիր Պետրոս Դուրյանի մասին, ամենահետաքրքիր տեղեկությունները գրառիր քո բլոգում։

1857 թվականին` 6 տարեկան հասակում Դուրյանը դարձել է Սկյուտարի ճեմարանի ձրիավարժ աշակերտ։ Ճեմարանում ուսումնառության առաջին տարիներին աչքի չի ընկել առաջադիմությամբ։ Այդ դպրոցում որպես ուսուցիչ պաշտոնավարել է հայ մեծանուն երգիծաբան Հակոբ Պարոնյանը, որն անչափ սիրել է Դուրյանին և խոր ազդեցություն թողել նրա վրա։ Ճեմարանական Դուրյանի գրական հետաքրքրությունները եղել են բազմակողմանի։ Ճեմարանական տարիներին հեղինակել է տաղեր, թատերախաղեր, կատարել թարգմանություններ։