Posted in Պատմություն 9

Սեպտեմբերի 28-Հոկտեմբերի 2

Մայիսյան հերոսամարտեր՝

Սարդարապատի ճակատամարտը

Սարդարապատի ճակատամարտը տեղի Է ունեցել 1918թ․ մայիսի 21-29-ին, հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջև` Սարդարապատ կայարանի շրջակայքում: Ռուսաստանում 1917թ․-ի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ռուս զորքերը հետ քաշվեցին Հայաստանից՝ մերկացնելով Կովկասյան ճակատը: Օգտվելով դրանից՝ թուրքական կառավարությունը ծրագրեց ոչ միայն վերազավթել Արևմտյան Հայաստանը, այլև նվաճել Արևելյան Հայաստանն ու ամբողջ Անդրկովկասը: Խախտելով Անդրկովկասյան կոմիսարիատի հետ կնքած Երզնկայի զինադադարը՝ թուրք զորքերը 1918-ի փետրվարի 10-ին անցան հարձակման և շնորհիվ գերակշիռ ուժերի վերանվաճեցին Երզնկան, Կարինը, Սարիղամիշը, Կարսը, մայիսի 15-ին գրավեցին Ալեքսանդրապոլը: Կովկասյան ճակատում գործող Հայկական կորպուսը [հրամանատար՝ գեներալ Նազարբեկով], որը կազմված էր 3 դիվիզիայից (հրամանատարներ՝ գեներալ Արեշյան, գեներալ Մովսես Սիլիկով, գեներալ Անդրանիկ Օզանյան), մարտերով հետ քաշվեց՝ ապահովելով նաև տասնյակ հազարավոր արևմտահայ գաղթականների անվտանգությունը: Ալեքսանդրապոլը գրավելուց հետո թուրքական մի զորաբանակ արշավեց դեպի Ղարաքիլիսա, մյուսը Յաղուբ Շևքի փաշայի գլխավորությամբ մայիսի 21-ին հարձակվեց Սարդարապատի ուղղությամբ՝ Երևան ներխուժելու նպատակով: Թուրքական այդ զորախմբի կազմում էին 36-րդ հետևակային դիվիզիան, հարվածային և սակրավորների մեկական գումարտակներ, հեծյալ գունդ, 1500 քուրդ հեծյալներ, հրետանային մարտկոց: Սարդարապատի պաշտպանությունն իրականացնելու պարտականությունը դրվեց գեներալ Մովսես Սիլիկովի վրա, որի զորախմբի կազմում էին 2-րդ հրաձգային դիվիզիան, 3-րդ հետևակային բրիգադը և 2-րդ հեծյալ բրիգադի 1-ին գունդը: Հայկական այդ զորախմբի հիմնական ուժերը (հրամանատար՝ գնդապետ Դանիել բեկ Փիրումյան) կենտրոնացվեցին Սարդարապատի ուղղությամբ հարձակվող թուրք զորախմբի դեմ, իսկ 6-րդ հրաձգային, 2-րդ հեծյալ և պարտիզանական հեծյալ գնդերը սահմանապահ գումարտակի աջակցությամբ փակելու էին Բաշ Ապարանից Երևան շարժվող թուրքական 9-րդ դիվիզիայի ճանապարհը Թիկունքը և Երևանի պաշտպանությունը հմտորեն ղեկավարել է Արամ Մանուկյանը: Հարձակվող թուրք զորախումբը մայիսի 21-ին գրավեց Սարդարապատ կայարանը, համանուն գյուղը և Գեչրլուն: Մայիսի 22-ին հայկական 5-րդ հրաձգային գունդը (հրամանատար՝ գնդապետ Պողոս բեկ Փիրումյան), պարտիզանական հետևակային գունդը, Իգդիրի հետևակային գունդը և հատուկ հեծյալ գունդը Քյորփալուից և Ղուրդուղուլիից անցան հարձակման, կոտրեցին թուրքերի դիմադրությունը և նրանց հարկադրեցին խուճապահար հետ փախչել շուրջ 15- 20 կմ: Սակայն, օգտվելով այն բանից, որ հայկական ուժերը դադարեցրին հետապնդումը, թուրքերը վերադասավորեցին ուժերը, ամրացան Չիմնի և Թուլքի բարձունքներում: Թուրքական հրամանատարությունը որոշեց համալրել Յաղուբ Շևքի փաշայի զորքը, սակայն հայերը հետ շպրտեցին օգնության եկող Մյուրսել փաշայի 5-րդ դիվիզիան: Հայկական հրամանատարությունը մշակեց թուրքերին վճռական հարված հասցնելու և ջախջախելու ծրագիր: Ստեղծվեց հարվածային զորախումբ [գնդապետ Կ. Հասան Փաշայան], Պանդուխտի գլխավորած մշեցիների ջոկատի հետ շրջանցելով թուրքերին, մայիսի 27-ին հարվածեցին նրանց թիկունքից, միաժամանակ հայկական հիմնական ուժերը հարվածեցին ճակատից: Ծանր կորուստներ կրելով՝ թուրքական զորաբանակները փախան Ալեքսանդրապոլ: Ճակատամարտն ավարտվեց թուրքական գերակշիռ ուժերի դեմ տարած լիակատար հաղթանակով:

Շարունակել կարդալ “Սեպտեմբերի 28-Հոկտեմբերի 2”