Posted in Պատմություն 9

Թեմա 10. Հին Հայաստանի մշակույթը

Հայկական առասպելներ

Հայ ժողովրդի հոգևոր մշակույթի բաղկացուցիչ մասն են կազմում առասպելները: Դրանք գրի է առել Պատմահայր Մովսես Խորենացին, որն այդ զրույցները լսել է գուսաններից կամ էլ վերցրել է մեզ չհասած հնագույն մատյաններից ու զետեղել իր «Հայոց պատմության» մեջ: Պատմահայրն այդ զրույցները բերել է վերապատմելով ու խմբագրելով: Առասպելները, զրույցները և հին վեպերն արտացոլում են պատմական իրականության ինչ-ինչ կողմեր: Հայերի ամենանշանավոր և միևնույն ժամանակ ամենահին, ինչ-որ չափով առասպելականացված պատմություններից է «Հայկի և Բելի մասին» զրույցը: Հայկն ըմբոստ և ազատասեր հսկա աղեղնավոր է, որն ըմբոստացել է Միջագետքի տիրակալ Տիտանյան Բելի դեմ: Սա ցանկացել է ընկճել Հայկին և իր տիրապետությունը հաստատել նրա ժողովրդի ու երկրի նկատմամբ: Բայց Հայկը ճակատամարտի ժամանակ սպանել է Բելին և պաշտպանել իր անկախությունը: Բելի զորքը սարսափահար փախել է երկրից: Առասպելի հիմնական գաղափարն այն է, որ Հայկը հայերի անվանադիր նախնին է: Մեր ժողովուրդն իրեն անվանել է հայ և երկիրը Հայաստան՝ իր նախնի Հայկ Նահապետի անունով: Չափազանց ինքնատիպ է Հայկ Նահապետի Տորք Անգեղի մասին զրույցը: Տորքը նույնպես հսկա է, որն ունի ֆիզիկական ահռելի ուժ: Նա խորտակում է ծովի կողմից դեպի Հայաստան նավարկող թշնամական նավերը՝ նրանց վրա նետելով հսկայական ժայռաբեկորներ: Շատ հուզական է «Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպելը: Արան Հայոց թագավորն է, նա սիրում է իր հայրենիքն ու ընտանիքը: Լսելով Արայի գեղեցկության մասին՝ Ասորեստանի թագուհի Շամիրամը սիրահարվում է նրան: Թագուհին Արային առաջարկում է ամուսնանալ իր հետ և դառնալ Ասորեստանի տիրակալ: Սակայն Հայոց թագավորը, հավատարիմ իր ժողովրդին ու ընտանիքին, մերժում է Շամիրամի առաջարկը: Ասորեստանի բանակը հարձակվում է Հայաստանի վրա: Շամիրամը հույս ունի բռնությամբ տիրանալ Արային: Տեղի ունեցած ճակատամարտում Արան սպանվում է: Գոյություն են ունեցել նաև այլ առասպելներ և զրույցներ: Առասպելները ցույց են տալիս մեր ժողովրդի ազատասեր ոգին, օտար բռնակալներին չհնազանդվելու կամքը և խաղաղասեր ու բարի բնավորությունը:

Հայկական վիպերգեր

Ի տարբերություն առասպելների, որոնց մեջ պահպանվել են պատմական հեռավոր ու ձևափոխված հիշատակներ, հին հայկական վիպերգերը պարունակում են հիմնականում պատմական հավաստի նյութեր: Վիպերգեր են հյուսվել սիրված թագավորների և հերոսների մասին: Նրանց ընդհանուր գիծն անսահման սերն է հայրենիքի նկատմամբ, ազատատենչ ոգին ու պատրաստակամությունը՝ կյանքը չխնայել ժողովրդի ազատության համար: Նրանցից ամենասիրվածն ու տարածվածը եղել է «Արտաշեսի վեպը»: Արտաշես I-ը եղել է հայերի պաշտելի թագավորը: Պատահական չեն պահպանված վիպական շարքերը նրա մանկության, գահակալության, երկիրը շենացնելու, Արտաշատ մայրաքաղաքը կառուցելու մասին: Արտաշեսը պայքարել է երկիր ներխուժած արտաքին թշնամիների դեմ, հաղթել նրանց և պաշտպանել իր երկրի ու ժողովրդի ազատությունը:

Հայոց նախաքրիստոնեական հավատքը

Ալեքսանդր Մակեդոնացու կողմից Աքեմենյան Պարսկաստանի կործանումից հետո Առաջավոր Ասիայում սկիզբ առավ քաղաքակրթական նոր` հելլենիզմի ժամանակաշրջանը: Հայաստանը նույնպես ենթարկվեց հելլենիզմի ազդեցությանը՝ հատկապես Ք.ա. 2-րդ դարի սկզբին՝ Արտաշեսյան դինաստիայի հաստատումից: Թեև հունարենը և հունական մշակույթը տարածում գտան հիմնականում հայկական արքունիքում, ազնվականության և ավագանու շրջանում, այդուհանդերձ, հելլենիզմը մեծապես հարստացրեց մեր ազգային մշակույթը՝ Հայաստանում տևելով գրեթե վեց դար: Հետագայում այդ շրջանի հսկայական մշակութային և նյութական ժառանգությունը գրեթե իսպառ ոչնչացվեց քրիստոնեության ընդունմամբ ու տարածմամբ: Տիգրան Մեծի օրոք (Ք.ա. 95-55թթ.) Հայաստանը վերածվեց Հին աշխարհի առաջավոր երկներից մեկի: Կառուցվեցին ամրոցներ և պաշտամունքային շինություններ, ավելի քան 2 տասնյակ քաղաքներ, որոնց շարքում առանձնանում են մայրաքաղաքներ Երվանդաշատը, Արտաշատը, Տիգրանակերտն ու Վաղարշապատը: Իսկ Տիգրան Մեծին հաջորդած Արտավազդ Բ արքայի օրոք Արտաշատի թատրոնում հույն և հայ դերասանների մասնակցությամբ ներկայացվում էին բազում ողբերգություններ, այդ թվում՝ Էվրիպիդեսի «Բաքոսուհիները»: Հելլենիստական Հայաստանի ամրոցաշինական արվեստի լավագույն կոթողներից է Գառնիի տաճարը, որը կառուցել է Տրդատ Ա թագավորը: Գառնին պալատական համալիր է: Այստեղ պահպանվել է նաև անտիկ շրջանին բնորոշ բաղնիք` հատակի խճանկարով, որը գեղարվեստական մեծ արժեք է ներկայացնում: Այն Հին Հայաստանից մեզ հասած մոնումենտալ գեղանկարչության միակ նմուշն է: Պատմական Հայաստանի Երզնկայի գավառի Սատաղ տեղանքի մոտ 19-րդ դարավերջին հայտնաբերվել է Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխը և աջ ձեռքը: Հայկական հեթանոսական աստվածությունների դիցարանում Անահիտը մայրության և պտղաբերության աստվածուհին է:

Գրավոր մշակույթը

Ուսումնասիրողները հիմնավոր ցույց են տվել, որ Հին Հայաստանում գոյություն են ունեցել հայերեն մեհենագրեր1 , որոնք լայն տարածում չեն ունեցել և օգտագործվել են միայն մեհյաններում: Պաշտոնական գրագրության համար օգտագործել են արամեերեն և հունարեն լեզուները: Թագավորներն այդ լեզուներով թողել են իրենց արձանագրությունները, իսկ դրամները հատել են միայն հունարեն գրությամբ: Արմավիրում պահպանվել են Ք. ա. lll դ. վերջերին վերաբերող հունարեն արձանագրություններ, որոնցից մեկը հայոց քրմապետի ուղերձն է Երվանդ IV թագավորին:

Posted in Պատմություն 9

Թեմա 9. Մեծ Հաքի Արշակունյաց թագավորությունը

Տրդատ III – ի գահակալումը

Մանկահասակ Տրդատին նախարար Արտավազդ Մանդակունին փախցրել է Հռոմ հոր՝ Խոսրով Ա Մեծի դավադիր սպանությունից հետո, ում սպանել է Գրիգոր Լուսավորչի հայրը՝ Անակ Պարթևը: Տրդատը կրթվել և դաստիարակվել է հռոմեական արքունիքում: Տիրապետել է լատիներենին և հունարենին: Ֆիզիկական արտակարգ ուժի շնորհիվ աչքի է ընկել կրկեսամարտերում, զինավարժության մեջ, նաև Հռոմեական կասրության մղած պատերազմներում: 
Պարսից տերության դեմ Ավրելիանոսի հաղթական արշավանքին մասնակցած Տրդատը նշանակվել է Հռոմին ենթակա Արևմտյան Հայաստանի թագավոր (274–276 թթ.): 287 թ-ին Հռոմի կայսր Դիոկղետիանոսը Տրդատ Գ-ին ճանաչել է Հայոց թագավոր: Հռոմեական զորքերի աջակցությամբ Տրդատ Գ-ն Հայաստանից դուրս է մղել պարսիկ նվաճողներին և հաստատվել հայրենի գահին: Նախապես հյուսիսից թիկունքն ամրապնդելով ալանների հետ կնքած դաշնագրով (կնության է առել Ալանաց թագավոր Աշխադարի դուստր Աշխենին)՝ Տրդատ Գ-ն ավելի քան 10 տարի պատերազմել է Սասանյան Պարսկաստանի դեմ: 298 թ-ին Մծբինում կնքված հռոմեա-պարսկական 40-ամյա խաղաղության պայմանագրով՝ Սասանյաններն ստիպված հրաժարվել են Հայաստանի մեծ թագավոր տիտղոսից և Տրդատ Գ-ին ճանաչել որպես թագավոր: 
Գահակալման առաջին տարիներին Տրդատ Գ-ն հոր և Դիոկղետիանոսի օրինակով հալածել է քրիստոնեության հետևորդներին: Խոշտանգել է իրեն հավատարմորեն ծառայած, քրիստոնեության ջատագով Գրիգորին (Սբ Գրիգոր Լուսավորիչ) և, իմանալով, որ նա Անակ Պարթևի որդին է, հրամայել է գցել Արտաշատի արքունի բանտի մահապարտների գուբը (հետագայում այնտեղ կառուցվել է Խոր վիրապի վանքը): 301 թ-ին Տրդատ Գ-ի հրամանով Վաղարշապատի մերձակայքում սպանվել են Հռոմից Հայաստան փախած Հռիփսիմյանց և Գայանյանց քրիստոնյա կույսերը: Վաղարշապատ բերված Գրիգորը բուժել է բժշկել է Տրդատ Գ-ի քրոջը: Արդեն ապաշխարած ու դարձի եկած թագավորը եռանդուն մասնակցել է 3 վկայարանների (Սբ Հռիփսիմյանց և Սբ Գայանյանց կույսերի և Սբ Մարիանեի նահատակման վայրերում) և Էջմիածնի Մայր տաճարի կառուցմանը:
Տրդատ Գ-ն, հակառակ «դաշնակից» Հռոմեական կայսրության տիրակալի կամքի, ընտրել է գաղափարաքաղաքական ու կրոնական նոր ուղի և քրիստոնեությունը 301 թ-ին Հայաստանում հռչակել պետական կրոն: 
302 թ-ին Տրդատ Գ-ն Գրիգոր Ա Լուսավորչին ուղարկել է Կապադովկիայի Կեսարիա քաղաք, որտեղ կատարվել է նրա ձեռնադրությունը: 303 թ-ի հունվարի 6-ի այգալույսին՝ Սբ Ծննդյան ու Աստվածահայտնության օրը, Բագավանում՝ Արածանիի ակունքների մոտ, Գրիգոր Ա Լուսավորիչը մկրտել է Տրդատ Գ-ին և արքունիքը:
Տրդատ Գ-ն հիմնադրել է դպրոցներ, որտեղ ուսուցանել են հունարենով և ասորերենով. դպրոցը դադարել է մեհենական քրմության նեղ խավի մենաշնորհը լինելուց: Նվիրապետության տնտեսական հիմքերի ամրապնդման նպատակով Տրդատ Գ-ի հրամանով գյուղերի եկեղեցիներին հատկացվել է հողաբաժին, հոգևորականությունը դասվել է ազատների կարգը և ազատվել հարկերից: Տրդատ Գ Մեծը նաև հետևողական պայքար է կազմակերպել հեթանոսության դեմ: 
Հեթանոսությանը սատարող Պարսից Շապուհ II Երկարակյացին (309–379 թթ.) հաջողվել է Տրդատ Գ Մեծի դեմ հանել նրա քաղաքականությունից դժգոհ նախարարներին և Հյուսիսային Կովկասի ցեղերին: Սակայն Հայոց արքան նախ ճնշել է ապստամբ նախարարներին, ապա Աղվանքի Գարգարացվոց դաշտում ճակատամարտում հաղթել հյուսիսային ցեղերին և պահպանել Հայաստանի միասնութունն ու արմատավորվող քրիստոնեությունը: Հռոմեական կայսրությունից ստանալով օգնական ուժեր՝ Տրդատ Գ Մեծը սահմանային շրջաններում հաղթական մարտեր է մղել նաև պարսկական զորքերի դեմ: Նրան հաջողվել է վերականգնել Մեծ Հայքի թագավորության սահմանները՝ ըստ 64 թ-ի Հռանդեայի պայմանագրի, քաղաքական դաշինք կնքել Հռոմեական կայսրության հետ, ճնշել նախարարների անջատողական ձգտումները և ստեղծել կենտրոնացված հզոր պետություն:
330 թ-ին հրաժարվելով գահից՝ Տրդատ Գ Մեծը հեռացել է Դարանաղյաց գավառի Սեպուհ լեռան Մանյա այրք կոչված վայրը, որտեղ 325 թ-ից ճգնել է նաև Գրիգոր Ա Լուսավորիչը:
Ըստ Մովսես Խորենացու՝ Տրդատ Գ-ին թունավորել են հայ նախարարները. նրա դին արծաթապատ դագաղով տեղափոխվել և ամփոփվել է Դարանաղյաց գավառի Թորդան ավանում` Սբ Գրիգոր Ա Լուսավորչի կողքին:
Մովսես Խորենացին նրան բնորոշել է որպես Հայոց վերջին հզոր թագավոր:

Posted in Ֆիզիկա 9

Լույս: Լույսի տարածումը համասեռ միջավայրում:

Լույս:Լույսը շատ կարևոր դեր է կատարում մարդու կյանքում: Լույսի շնորհիվ մենք կարողանում ենք ճանաչել մեզ շրջապատող աշխարհը: Լույսն է, որ Արեգակից Երկիր հասնելով մեր մոլորակի վրա կյանքի գոյության համար անհրաժեշտ պայմանններ է ստեղծում:

luchi_sveta_10.jpg
Շարունակել կարդալ “Լույս: Լույսի տարածումը համասեռ միջավայրում:”