Day: 19.10.2021
Արգելված պտղի համը
Կա մի ասույթ, որն ասում է՝ «Արգելված պտուղը համով կլինի»։
Այո՛, լիովին համամիտ եմ։ Իսկ ինչո՞ւ հենց դա, չէ՞ որ արգելված է, նշանակում է՝ կա՛մ վատն է, կա՛մ թունավոր, կա՛մ շատ վտանգավոր։
Արգելված պտուղը համով է, որովհետև հասանելի չէ։ Իսկ մարդն իր կյանքի ընթացքում միշտ ցանկանում է նոր բաներ բացահայտել, այն ավելի հետաքրքրացնելու համար։ Սակայն այն, ինչը սովորական է և հասանելի է բոլորին, չի առաջացնում նույն չափ հետաքրքրություն, որքան արգելվածի ժամանակ է լինում։
Շատ հաճախ այդ արգելվածը չափազանց վտանգավոր կարող է լինել, մեզ այդ մասին զգուշացրած կարող են լինել, սակայն մեր ուշադրությունը սևեռված է լինելու այն փորձելու, բացահայտելու վրա։
Օրինակները հազարավոր են, սակայն կառանձնացնեմ մեկը։ Մի անգամ կարդում էի հոգեբանական հողվածներ երեխաների և ծնողների հարաբերություններում։ Այնտեղ գրված էր, որ ծնողները շատ հաճախ արգելում են երեխաներին ինչ-որ բան, սակայն երբեք չեն ասում արգելելու պատճառը։ Եկեք հիշենք մեր ասույթը՝ «Արգելված պտուղը համով կլինի»։ Այս ասույթը նաև երեխաների մտքում է։ Հոգեբաններն ասում էին, որ ավելի լավ կլինի, եթե ծնողներն արգելելու փոխարեն բացատրեին նրանից առաջացող վտանգների մասին և հակառակ արգելելու՝ պարզապես խորհուրդ տային չփորձել։
Այսպիսով՝ հանգում ենք նրան, որ արգելված ամեն ինչը միշտ լինելու է ավելի ցանկալի, քան այն, ինչը հասանելի է և թույլատրելի։
Ականջիդ ասեմ
Ո՞վ ես դու։ Ի՞նչպես հայտնվեցիր իմ կյանքում։ Ի՞նչու դարձար այդքան կարևոր։
Երբեմն մտածում եմ՝ արդյո՞ք ես կլինեի նույնը, եթե չհանդիպեի քեզ…
Գիտես՝ մենք երբեք չենք խոսել մեր երազանքների մասին, օրինակ` դու գիտե՞ս՝ ինչի մասին եմ երազում, կարծում եմ, որ ոչ։ Այսօր կիմանաս, սակայն վստահ եմ, որ չես հասկանա պատճառը, այն քեզ կթվա տարօրինակ, բայց…
Կուզենայի ամբողջ աշխարհում մնայինք միայնակ, միայն ես և դու, ուրիշ ոչ ոք։ Ես այդժամ կգոռայի ներսումս կուտակվածի մասին։ Կգոռայի, որովհետև աշխարհը կլինեիր դու, որովհետև կլիներիր միակը։ Իսկ մինչ մենք միայնակ չենք, ես այդ մասին կշշնջամ ականջիդ, որովհետև շշնջալիս հորինելու եմ առանձին աշխարհ, որի բարձրախոսները լինելու են ականջներդ, որոնք իմ շշունջը տարածելու են միայն այն աշխարհում, որը միայն մեզ է պատկանում։
Երևակայելը հաճելի է, իսկ իրականություն վերադառնալը՝ ցավոտ։ Գիտե՞ս՝ ինչու չեմ վերադառնում իրականություն։ Չեմ վերադառնում, որովհետև վախենում եմ այնտեղ քեզ չգտնել, վախենում եմ չզգալ այն սրտի թրթիռը, որը առաջանում է, երբ ականջիդ շշնջում եմ զգացմունքներիս մասին։
Իսկ արդյո՞ք իմ ականջները կան քո երևակայության մեջ, որոնք լինելու էին քո բարձրախոսներն իմ աշխարհում։ Երևի՝ ոչ…