Posted in Թարգմանություն, Իսպաներեն 12

Չորս տերև երեքնուկ 

Ամալյան հոր կողմից սիրված մի աղջնակ էր, ով ապրում էր Պատագոնիայի հեռավոր շրջաններից մեկում, որտեղ նրա ընտանիքը մեծ հողատարածքներ ու ոչխարների մեծ հոտեր ուներ: Ըստ Ամալիայի հորը ճանաչողների՝ նա այս փոքրիկ կենդանիներից երկու միլիոնի տերն էր, որոնք մեզ բուրդ էին տալիս՝ զգեստների և այլ հագուստի համար, որոնք անհրաժեշտ էին առօրյա կյանքում: Ամալյան օժտված էր առաքինություններով, որոնք նրան ստիպում էին ռացիոնալ և իռացիոնալ լինել։ Յուրաքանչյուր առավոտ սկսում էր քայլքով՝ հաղթահարելով հսկայական տարածություններ՝ խնամելով նորածին գառներին, շոյելով նրանց մայրերին, որոնք ուրախանում էին նրան տեսնելիս։ Շուրջ հարյուր հեկտար տարածք ունեցող գյուղում չկար այնպիսի մեկը, ով պաշտպանված չլիներ աղջկա կողմից և երախտապարտ չլիներ աղջկան՝ նրա բարության և ողորմածության համար: Որտեղ հիվանդ մարդ կար, այնտեղ Ամալյան էր։

Թշվառության մեջ ապրողներին օգնության էր հասնում աղջկա ձեռքը՝ բնակիչներին իր նվերներով սփոփելով։ Տարածքի երեխաները հավատում էին, որ Ամալյան իրենց պահապան հրեշտակն էր, քանի որ նա ամեն ինչ անում էր իր փոքրիկ ու համեստ կյանքով ապրող ընկերներին խաղալիքներ և քաղցրավենիք բերելու, ուրախացնելու համար: Նույնիսկ հարթավայրի թռչունները ուտում էին նրա ձեռքից և վստահորեն պտտվում նրա գլխավերևում՝ բուռն ընդունելության ժամանակ ուրախ թափահարելով իրենց թևերը։ Ամալյան իր փոքրիկ ֆերմայում մի գանձ ուներ՝ մի հեզ ու հավատարիմ փոքրիկ ձի, որին հեծնում էր ամեն առավոտ՝ անցնելով դաշտերով։ Փոքրիկ ձիուկին աղջիկը անվանել էր Պիկաֆլոր՝ համեմատելով նրան այն հազարագույն թռչնակի հետ (կոլիբրի), որ ամեն առավոտ մոտենում էր իր պատուհանին՝ նեկտար հավաքելու վարդի թփերից: Բայց քանի որ երջանկությունն աշխարհում հարատև չէ, մի օր Ամալյայի հայրն ամբողջությամբ կորցրեց իր ունեցվածքը՝ անհաջող գործարքի պատճառով, և կամաց-կամաց ստիպված եղան նվազեցնել իրենց ծախսերը, մինչև հասան սարսափելի աղքատության։
— Հիմա ի՞նչ ենք անելու,- տխուր ասաց նա՝ շոյելով իր սիրելի փոքրիկ դստերը։
— Պայքարի՛ր, հայրի՛կ,- պատասխանեց Ամալյան՝ քաջալերելով ընկճված հորը, որ խոնհարվել էր նրա առջև ու լցված էր ցավով։ Իր փոքրիկ աղջկա խրախուսական խոսքերից ազդված՝ հայրը շարունակեց աշխատել, բայց աստվածուհի Ֆորտունան վերջնականապես երես էր թեքել նրանից: Ինչպես շատ բնական է այդ բոլոր դեպքերում, ընկերները, տեսնելով Ամալյայի հորը աղքատ, առանց խնջույքների և զվարճանքի, հեռացան, մինչև որ մի օր նա մնաց միայնակ, արհամարհված նրանց կողմից, ովքեր նախկինում հաճոյանում էին ամեն կերպ։
-Սա՛ է աշխարհը,- հառաչեց նա,- անշնորհակալությունը տիրում է գրեթե բոլոր հոգիներում, և շատ արագ են նրանք մոռանում ստացած բարիքները: Չնայած իր մեծ աղքատությանը՝ բարի հայրը Չուբուտի հեռավոր տարածքում պահում էր մի քանի լիգա ամայի հողեր, որը չէր կարողացել վերածել փողի, քանի որ գնորդ չէր գտնում նման ցամաքային կալվածքների համար։ Իսկապես դաշտերը ավազի ափեր էին՝ առանց բուսականության և անպտուղ, որոնցում ապրում էին միայն հումուլները և մի քանի աղքատ ու սոված պատագոնացի հնդիկներ։ Ամալյան՝ շատ տխուր բոլոր դժբախտությունների պատճառով, լուռ լաց էր լինում՝ նման արհավիրքի համար՝ փոքրիկ Պիկաֆլորի հետ, որից երբեք չէր բաժանվում։ Փոքրիկ բարի կենդանին, ասես հասկանալով աղջկան պատած վիշտը, մոտենում էր և ջերմ ու դողդոջուն մռութով շոյում նրան։ Մի մռայլ օր հայրը որոշեց գնալ Չուբուտի՝ այդ մենավոր դաշտերում ապրելու, քանի որ դա միակ վայրն էր, որը նրան խաղաղություն էր պարգևում, և առանց երկար մտածելու, ընտանիքը շարժվեց դեպի հեռավոր շրջաններ։ Իհարկե, Ամալյան իր հետ տարավ իր հավատարիմ Պիկաֆլորին՝ հեծնած գնալով գրեթե ողջ հոգնեցնող ճանապարհը։ Այդ հողերում նրանք կառուցեցին իրենց խոնարհ տունը՝ շարունակեցին պայքարել ապրելու համար՝ հույս ունենալով, որ այդ ավազներն իրենց գեղեցիկ պտուղներով կպատասխանեն բարի մարդու ցանկություններին: Բայց շատ շուտով նրանց ավելի մեծ հիասթափություն էր սպասվում։ Այդ ամբողջ դաշտը մի անիծված վայր էր, որտեղ գերիշխում էին միայն մշտական քամին և աչքերը կուրացնող ոսկե ավազը։ Ցավ ու հուսահատություն էր նրանց արցունքների ու բողոքների մեջ։ Ամալյան հեկեկում էր, երբ տեսնում էր հոր գունատ դեմքը և գիշեր ու զօր աղոթում Աստծուն, որ օգնի նրանց նման դժվար իրավիճակում: Մի առավոտ, երբ բարի աղջիկը ճամփորդում էր ամայի վայրերով՝ իր հավատարիմ Պիկաֆլորին հեծնած, մի անսպասելի բան տեսավ, որը զարմացրեց նրան: Առջևից փակելով նրա ճանապարհը՝ հրեշտակային կերպար հայտնվեց՝ բարձրահասակ և կապույտ աչքերով, որը ժպտալով նայում էր նրան։
-Ո՞վ ես դու,- Ամալյան անվախ հարցրեց։
-Ես քո պահապան հրեշտակն եմ,- պատասխանեց գեղեցիկ կերպարը:
-Իմ պահապան հրեշտա՞կը:
-Այո՜, դու պետք է իմանաս, գեղեցկուհի՛ Ամալյա, որ աշխարհում գոյություն ունեցող բոլոր բարի երեխաները ունեն անտեսանելի հրեշտակ, որը խնամում է նրանց և ազատում ամեն չարիքից:
-Իսկ դու ի՞մն ես,- աղջիկը ուրախ հարցրեց։
-Գուշակեցի՛ր։ Ես քո պահապան հրեշտակն եմ, ով քեզ տեսնելով արցունքոտ ու տխուր, եկել է քեզ օգնելու և վարդագույն ծիծաղը դեմքիդ վերադարձնելու։ Ի՞նչ ես դու ուզում։
-Օգնի՛ր հայրիկիս,- կամաց ասաց աղջիկը,- հայրս երկար ժամանակ է չարչարվում է, սակայն ոչինչ չի ստացվում: Նա արժանի չէ նման խայտառակության, և ես ուզում եմ, որ նա նորից հարուստ լինի, որպեսզի ես կարողանամ օգնել կարիքավորներին, ինչպես նախկինում:
-Եթե դա քո ցանկությունն է, ապա հայրդ նորից միլիոնատեր կդառնա,- պատասխանեց հրեշտակը,- քո բարությունը և հրաշալի պահվածքը կարիքավորների հանդեպ, քեզ արժանի են դարձնում, բարի՛ Ամալյա:
-Շնորհակալ եմ,- ոգևորված պատասխանեց աղջիկը։
-Լսի՛ր,- շարունակեց աստվածային էակը,- այս անջրդի հողերը, որոնք թվում է, թե անպետք են, իրենց ընդերքում այնպիսի մեծ հարստություն ունեն, որ ով տիրապետի դրան, կլինի երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը: Շարունակի՛ր ճանապարհդ՝ փնտրելով այս անկենդան ավազապատ տարածության մեջ չորս տերևով երեքնուկ: Որտեղ գտնես, ասա հայրիկիդ, որ փորի, կհարստանա։ Ցտեսություն իմ սիրելի աղջիկ,- ասաց հրեշտակը և թռավ երկինք՝ անհետանալով արևից ոսկեգույն դարձած ամպերի մեջ։
Երջանկությունից խենթացած՝ Ամալյան շարունակեց իր ճանապարհն անբաժանելի Պիկաֆլորին հեծնելով՝ նայելով ավազոտ գետնին, որպեսզի տեսնի, թե արդյոք կարող է գտնել հրաշալի քառատերև երեքնուկը։
-Կարո՞ղ է ճիշտ լինել,- շշնջում էր աղջիկը՝ խորհելով անապատի մասին,- ա՜խ, այստեղ ոչ մի խոտ չի աճում։ Բայց նրա հավատարիմ ձին հետագայում մատնանշեց այն տեղը, որտեղ թաքնված էր բաղձալի երեքնուկը։ Կարծես փոքրիկ կենդանին էլ էր լսել պահապան հրեշտակի խոսքերը։ Քայլ առ քայլ քայլեց դաշտով, մինչև հանկարծ կանգ առավ ու ուրախ խրխնջաց։
— Ահա՛ այն, ահա՛ այն,- կարծես թե բղավում էր ձին: Աղջիկը իջավ և արևից տաքացած մի քանի ավազաթմբերի միջից պոկեց երեքնուկի փնտրված ճյուղը, որն ուներ չորս փոքրիկ տերև, ինչպես և բացատրում էր աստվածային երևույթը։ Շուտով նա իր խոնարհ տուն հասավ՝ տանելով տխուր հորը դեպի գտածոյի վայրը, աղաչեց նրան փորելու գործիքներ բերել՝ կատարելով իր բարի պահապան հրեշտակի հրամանները: Հայրը, խենթ հույսով ներշնչված, հնազանդվեց իր բարի դստերը և սկսեց այնպես փորել, որ մի քանի ժամում խորը ջրհոր բացեց։
-Ոչինչ չկա,- հառաչեց նա։
-Փորի՛ր, փորի՛ր,- պատասխանեց աղջիկը՝ նայելով դեպի երկինք: Հանկարծ բղավեց. այնտեղ էր հրեշտակի մատնանշած գանձը: Այո՛, այնտեղ էր։ Դա նավթի աղբյուր էր, որը սկսեց բարձրանալ բաց ջրհորից և շուտով լցվեց ամայի դաշտի մի մասը։
-Նա՛վթ, նա՛վթ։ Հիմա մենք նորից հարուստ կլինենք,- բացականչեց հայրը՝ դստերը գրկելով,- սա հրաշք է։ Մենք օրհնված ենք: Աղջիկը լացով ու ծիծաղով գրկեց իր հորը, մինչ նրա փոքրիկ շուրթերը գոհաբանությամբ աղոթում էին։ Կենսուրախ էր նաև հեզ Պիկաֆլորը, և նրա բարձր խրխնջոցը ժամանակ առ ժամանակ արձագանքում էր այդ տարածքում։ Բնականաբար, նավթի շահագործումը սկսելուց կարճ ժամանակ անց ընտանիքը կրկին միլիոնատեր դարձավ, և այդ ժամանակ Ամալյան կարողացավ շարունակել իր բարի գործերը՝ իր հավատարիմ փոքրիկ ձիու հետ շրջելով տարածաշրջանի բոլոր տներով և օգնելով բոլոր անօգնականներին և դժբախտներին: Գրպաններում ոսկի էր, աչքերում՝ ուրախություն:

Ադոլֆո Դիես Գոմ

Իսպաներեն տարբերակն այստեղ։

1 thoughts on “Չորս տերև երեքնուկ 

Թողնել մեկնաբանություն