Posted in Իմ գրադարանը

Էրիխ Մարիա Ռեմարկ «Երկինքն ընտրյալներ չունի»

Բովանդակություն

50-ական թթ. սկզբին արդեն տարեց ավտոմրցարշավորդ Քլեղֆեն առողջարանում այցելում է իր երբեմնի գործընկերոջը, որ արդեն երկար ժամանակ բուժվում էր թոքախտից։ Այնտեղ նա ծանոթանում է ծանր հիվանդ Լիլիանին։ Վերջինս, որ արդեն տարիներ ի վեր արհամարհանքով էր վերաբերվում առողջարանի միօրինակ կենցաղին, խիստ կարգուկանոնին ու ձանձրույթին, օգտագործում է առիթն ու փախչում Քլեղֆեի հետ։ Միակ բանը, որ միավորում էր երկուսին, ապագա չունենալն էր. Քլեղֆեն ապրում էր միայն մրցարշավից մրցարշավ՝ ամեն անգամ սպրդելով մահից, իսկ Լիլիանի կյանքն ամեն վայրկյան վտանգված էր թոքախտից։

Գրողի մասին

Էրիխ Մարիա Ռեմարկը 20-րդ դարի ամենահանրահայտ և թերևս ամենաընթերցվող գերմանացի գրողն է։ 1916թ. զորակոչվել է բանակ, 1917թ. hուլիսի 31-ին վիրավորվել է նրա ձախ ոտքը, աջ ձեռքը և պարանոցը, ինչի հետևանքով պատերազմի մնացած տարիներն անցկացրել է զինվորական հոսպիտալում: 1932 թվականից Ռեմարկը լքել է Գերմանիան և տեղափոխվել Շվեյցարիա: 1933թ. նացիստներն արգելել են և այրել Ռեմարկի ստեղծագործությունները: 1939թ. Ռեմարկը տեղափոխվել է ԱՄՆ: 1951թ. Ռեմարկը ծանոթացել է Չարլի Չապլինի նախկին կնոջ՝ Փոլեթ Գոդարի հետ, ով դարձել է գրողի վերջին սերը: Ռեմարկը Փոլեթի հետ միասին վերադարձել է Շվեյցարիա և այնտեղ ապրել իր կյանքի մնացած տարիները: 

Մեջբերումներ

  • Ոչ ոք չի պլստալու, ու ոչ ոք չգիտի՝ երբ և ինչպես դա իրեն կպատահի։ Ո՞վ կարող է չարաշահել ժամանակը։ Ի՞նչ է երկար կյանքը։ Մի երկար անցյալ։ Իսկ ապագան մինչև հաջորդ շունչդ է։ Կամ մինչև հաջորդ ավտոմրցարշավդ։ Դրանից այն կողմ մարդ ոչինչ չգիտի։
  • Մի կյանք, բայց ի՞նչ կյանք։ Ամեն մի օր, ինչպես մյուսը՝ անվերջ կրկնության մեջ, օր օրի, իսկ տարվա վերջում օրերը փուլ են գալիս, կարծես ընդամենը մեկ օր էին, այնքան էին իրար նման, և նույնկերպ տարիներն են փուլ գալիս այնպես, ասես ընդամենը մեկ տարի էին նույնական։
  • Զգացողություն ունեմ, թե այնպիսի մարդկանց մեջ եմ, որ կարծում են՝ հավերժ են ապրելու։ Համենայնդեպս, գոնե այդպես են պահում իրենց։ Նրանք պաշտպանում են իրենց ունեցվածքը՝ իրենց կյանքը բաց թողնելով։
  • Հույս ունենալը ենդհակառակը, շատ ավելի տխուր բառ է, քան կարծում ենք։
  • Մեր դժբախտությունն այն է, որ կարծում ենք, թե իրավունք ունենք կյանքի նկատմամբ։ Մենք նրա նկատմամբ ոչ մի իրավունք չունենք։ Եթե մարդ դա իմանա, իսկապես իմանա, ամենադառը մեղրն էլ հանկարծ քաղցր կթվա։
  • Ով ոչնչի չի սպասում, երբեք չի հիասթափվում։
  • Վերցրո՛ւ՝ որքան հնարավոր է։ Իսկ թե ինչպես դա կանես, միայն քո գործն է։

Կարծիք

Գիրքն այնքան էլ չհավանեցի։ Միգուցե պարզապես ժանրն ինձ համար չէր։ Համենայնդեպս ստեղծագործության բովանդակությունը հետաքրքիր էր և հուզիչ։ Նման ստեղծագործությունները սովորեցնում են կյանքում ամենակարևոր բաներից մեկը՝ գնահատել կյանքն ու մեզ հատկացված ժամանակը։