Posted in Գրականություն 9, Իմ գրադարանը

Դանիել Սմիթ «Մտածել ինչպես Շեռլոկը»

Բովանդակություն

Այս գիրքը հարուստ է վարժություններով, գիտական հիմնավորումներով և Շեռլոկ Հոլմսի մասին պատմվածքներից մեջբերումներով։
Գիրք անդրադառնում է հիշողության, ոչ խոսքային հաղորդակցության, ստի բացահայտման, ներքին զգացողության, ունկնդրելու հմտությունների, զգոնության, կենտրոնացման, հանգստի, տրամաբանության, արագ ընթերցանության, դիտողականության, տեղեկույթի գաղտնագրման ու գաղտնազերծման, ինչպես նաև շատ այլ թեմաների։
Այս գիրքը կարդալուց հետո վերնաշապիկի թևքերին, տաբատի փողքերին կամ կոշիկի մաշվածությանը կսկսես այլ կերպ նայել։

Գրողի մասին

Դանիել Սմիթն աշխատում է հրատարակչական ոլորտում՝ որպես գրող և խմբագիր, ինչպես նաև զբաղվում է ոչ գեղարվեստական գրականությամբ։ Նրա հեղինակած գրքերից են՝ «Շեռլոկ Հոլմս․ տարրական ուղեցույց», «Մոռացված ռահվիրաններ․ կորած առաջամարտիկների, ուղղությունների հիմնադիրների և նորարարությունների համառոտ պատմություն», «Կարծում ես՝ ամեն ինչ գիտե՞ս»։ Երբ գրադարանում գրքերի մեջ թաղված չի լինում, ապրում է Արևելյան Լոնդոնում կնոջ՝ Ռոզիի և իր տարատեսակ ձկների հետ։

Մեջբերումներ

Մի քանի խորհուրդ, որոնք կնպաստեն խոսակցության ժամանակ լսողական հմտությունների զարգացմանը։

Հարցե՛ր տուր
Այդ կերպ զրուցակցիդ ոգևորում ես խոսելու, իսկ քեզ ունկնդրելու հնարավորություն ես տալիս։

Մի՛ ընդհատիր
Հեռո՛ւ մնա ընդհատելու գայթակղությունից, նույնիսկ եթե ընդհատելուդ նպատակը նրա ասածի հետ համաձայնությունդ արտահայտելն է։ Միաժամանակ լսել և խոսել չափազանց բարդ հմտություն է։

Ուշադրությունդ կենտրոնացրո՛ւ խոսողի վրա
Չափազանց պարզ է հնչում, բայց մի պահ մտածի՛ր, թե որքան հաճախ է պատահել, որ քեզ ծանոթացրել են ինչ-որ մեկի հետ, ում անունը մեկ րոպե անց մոռացել ես։

Մի՛ շեղվիր
Եթե ցանկանում ես իսկապես լսել խոսակցիդ, փորձի՛ր զրուցել այնպիսի վայրում, որտեղ նրա մեջքի հետևում միացված հեռուստացույց չկա, որով հեռարձակում են ֆուտբոլային հանդիպում, կամ որտեղ աչքիդ չի երևա քո նախկին սիրեցյալը։ Խոսակցի հետ տեսողական կապ պահելը լսողությունը կենտրոնացնելու լավ միջոց է։

Կրկնի՛ր
Տարօրինակ կարող է թվալ, բայց առանձնահատուկ հետաքրքրություն ներկայացնող ինչ-որ բանի կրկնելը, որ հնչել է խոսակցության ժամանակ, այն մտապահելու հիանալի միջոց է։ Կարող ես ցածրաձայն կրկնել ինքդ քեզ համար այնպես, որ խոսակիցդ չլսի, այլապես կարող է ընկճվել՝ մտածելով, թե իրեն ես նմանակում։

Կարծիք

Գիրքը օգնում է զարգացնել դիտելու, հիշելու և եզրահանգումներ անելու հմտությունները։ Գիրքն ընթերցելուց հետո դու ավելի լավ կկարողանաս նկատել շրջապատում տեղի ունեցող փոփոխությունները և ամեն ինչի արդեն կնայես ուրիշ հայացնով։